Աստղագետները դիտարկել են հազվագյուտ երևույթ, երբ արագ պտտվող գերհսկա սև խոռոչը բառացիորեն իր հետ «քաշում» է տարածության ու ժամանակի հյուսվածքը։ Դիտարկումների ընթացքում արձանագրվել է, թե ինչպես է սև խոռոչի շուրջ պտտվող աստղի նյութը տատանվում։ Սա Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումներից մեկն է։
Երբ աստղը չափազանց մոտ է անցնում սև խոռոչին, նրա հսկայական ձգողական ուժերը քանդում են աստղը՝ վերածելով այն երկարաձիգ «աստղային սպագետտիի»։ Այդ նյութը ձևավորում է ակրեցիոն սկավառակ, որից մի մասը ներծծվում է սև խոռոչի մեջ, իսկ մյուսը դուրս է նետվում գրեթե լույսի արագությամբ՝ հզոր ճառագայթների տեսքով։
NASA-ի Swift տիեզերական աստղադիտակի և Երկրի վրա գտնվող Very Large Array ռադիոաստղադիտակի տվյալները ցույց են տվել, որ սկավառակն ու ճառագայթները միասին «ճոճվում» են՝ մոտ 20 օրը մեկ կրկնվող ռիթմով։ Գիտնականների համոզմամբ՝ սա սև խոռոչի պտույտի հետևանքով տարածաժամանակի քաշման ուղղակի ապացույց է։










































