Սփյուռքահայ արվեստագետ Վահե Բերբերյանը ցավում է, որ առանց մարդուն հարցնելու և առանց նրա գիտության շատ հաճախ նրան մատուցվում է ամեն անպետք տեղեկատվություն:
Արվեստագետի խոսքով՝ մարդը պետք է վերահսկի իրեն «զոռով» մատուցվող նյութը, իր միջով անցկացնի այն և կշռադատի`որ տեղեկատվությունն է իրեն պիտանի և որն անպետք, որ լուրը պետք է ինքն «ուտի» և որը` ոչ: «Միաժամանակ, աղբի մեծ մասը մարդու ուղեղին հասնում ինտերնետի միջոցով»,- նկատեց Բերբերյանը:
Անդրադառնալով ժամանակակից սփյուռքահայ արվեստին` նա նկատեց, որ այդ ոլորոտում հստակ անկում կա: «Չգիտեմ նույնիսկ՝ արտերկրում ի՞նչն է մնացել հայկական, ինչը` ոչ: Ցավալի է, որ մեր հայկականությունը սփյուռքի մեջ արտահայտվում է միայն Հայոց ցեղասպանության մասին խոսելով, միայն ապրիլի 24-ին փողոցներում քայլելով և երթեր կազմակերպելով»,- ափսոսանք հայտնեց Բերբերյանը:
Հասարակության մեջ արվեստի և արվեստագետի դերի մասին խոսելիս՝ սփյուռքահայ գործիչը նկատեց, որ Հայաստանում մշակույթը չի նահանջել, միաժամանակ՝ Արևմուտքին կապկելու փորձերը շատ են: «Բացի կապկելը, շատ են մարդկանց սովորեցնելու փորձերը, մինչդեռ արվեստագետի` դաս տալու և մարդկանց սովորեցնելու ձգտումը մի տեսակ ամբարտավանություն է: Շեշտն ամեն պարագայում պետք է դնել անկեղծության վրա, արվեստը դրանից միայն կշահի, պարզապես աղբը զատելու գործը մեր օրերում շատ դժվար է»,- համոզմունք հայտնեց Վահե Բերբերյանը:
Ամփոփելով` արվեստագետն ընդգծեց, որ այսօրվա հայ երիտասարդությունը շատ խոստումնալից է, և դա իրեն շատ է ուրախացնում:








































