Հոկտեմբերի 4-6-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ քննարկել է Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվականին»-ին հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ավարտին Զարգացման հայկական գործակալության կողմից հյուրերին է ներկայացվել Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերը:
Քուվեյթի պաշտոնական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսվում են Քուվեյթի ֆինանսների նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետի և նախագահի, ինչպես նաև Ֆինանսների նախարարի և ԱԳ նախարարի հետ: Կկայանա նաև Հայաստանի և Քուվեյթի միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:









































