Երեկ մենք տեղեկացրել էինք, որ իր տանը մահացել է «ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը: Հիշեցնենք՝ 2006 թ. նրան ձերբակալել էին Խոդորկովսկու գործի շրջանակներում: Հենց նույն տարում նրա մոտ հայտնաբերվել էր ՁԻԱՀ, ապա՝ լյարդի քաղցկեղ, նա կուրացել էր, նաև՝ հիվանդացել թոքախտով: Երկար ժամանակ դատավորները նրա ազատարձակման հարցում բացասական որոշումներ էին կայացնում: Իսկ 2010 թ.նրան ազատ արձակեցին, քանի որ գործը կարճվել էր վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:
«Մագնիտսկու գործի» օրինակով՝ ռուսական Новая газета թերթը հրապարակել է Ալեքսանյանի մահվան մեջ այս կամ այն չափով մեղավորների ցուցակը: 31 հոգանոց ցուցակում դաշնային պաշտոնյաներ են, շարքային քննիչներ, դատախազներ և դատավորներ, որոնք երկար ժամանակ թույլ չեն տվել Ալեքսանյանին պատշաճ բուժօգնություն ստանալ: Ցուցակում են հատուկ քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը, ՌԴ դատախազի տեղակալներ Բիրյուկովը և Գրինը, դատախազի օգնական, ավագ քննիչ Սալավատ Կարիմովը: Թե ինչ պատժամիջոցներ կկիրառեն միջազգային կազմակերպություններն ու կառավարություններն այս մարդկանց նկատմամբ՝ հայտնի չէ:









































