Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ առանձնազրույցում համոզմունք է հայտնել, որ վերջինիս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարևորել է խորհրդարանական կապերի ակտիվացումը և պատգամավորական բարեկամության խմբերի դերն այդ գործում: Նա գոհունակություն է հայտնել Լիբանանի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայության համար, ուրախությամբ նշելով, որ Հայաստան այցելած լիբանանյան պատվիրակության կազմում է նաև Լիբանանի ԱԺ պատգամավոր Արթուր Նազարյանը, ով Լիբանան- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին իր հերթին նշել է, որ Լիբանանի ու Հայաստանի հարաբերությունները շատ ջերմ են, և հույս հայտնել, որ իր այցը կնպաստի դրանց ամրապնդմանը: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և առաջարկել ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ղեկավարները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տարբեր ոլորտներում, մասնավորապես առողջապահության, ֆինանսական, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության մեծ ռեսուրս կա, և որ անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել և ակտիվացնել տնտեսական հարաբերությունները:
Անդրադարձ կատարվել նաև հարավկովկասյան և միջինարևելյան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք անհրաժեշտ է համարվել բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:









































