Բաքվի մամուլը հաղորդում է, որ հունիսի 20-ին Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել Գախի շրջանում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուսա Շեքիլիևը: Ադրբեջանում շրջանի և քաղաքների գործադիր իշխանության ղեկավարը նշանակվում և պաշտոնից ազատվում է նախագահի կողմից, հանդիսանում է տվյալ տարածքում նրա լիազոր ներկայացուցիչը:
Ըստ այդմ, Մուսա Շեքիլիևը ձերբակալվել է Իլհամ Ալիեւի ուղղակի ցուցումով: Ի՞նչ է մեղսագրվում Շեքիլիևին՝ հայտնի չէ: Գախի շրջանը ցարական իշխանության վարչա-տարածքային բաժանմամբ Զաքաթալայի օկրուգի մաս է կազմել, խորհրդային տարիներին առանձնացվել է, ապա միացվել Զաքաթալային, վերստին բաժանվել որպես առանձին միավոր: Տեղաշրջանը պատմականորեն հանդիսացել է Կովկասյան Աղվանքի և Վրաստանի «բաժանարարը»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Գախի շրջանի բնակչության 80 տոկոսը կազմում են թուրք-ադրբեջանցիները, 13, 5-ը՝ վրացի –ինգոլոյցիները, Գախում բնակվում են նաև լեզգիներ և ցախուրներ: Շրջանը հյուսիսից սահմանակցում է ՌԴ Դաղստանի ինքնավարությանը, արևմուտքից՝ Վրաստանին:
Ուշագրավ է, որ Գախի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ձերբակալվել է իսրայելա-իրանական պատերազմի պատճառով տարածաշրջանային բարդ իրավիճակում, երբ Ադրբեջանում հրապարակայնացվել է «աշխարհազորային բանակ» կամ «տարածքային պաշտպանության ուժեր» կազմավորելու անհրաժեշտությունը:
Համանման նախաձեռնությամբ տարեսկզբին հանդես է եկել Ղազախստանի նախագահ Տոկաևը, հունիսի սկզբին երկրի Սենատը վավերացրել է համապատասխան օրենքը: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում «տարածքային պաշտպանության ուժերի» կազմավորման շուրջ քննարկումները նույն «ծիրի մեջ են»:
Ադրբեջանը հինգերորդ տարին է՝ ցամաքային սահմանները փակ է պահում: Այդ անհրաժեշտությունն Իլհամ Ալիևը հիմնավորել է «արտաքին սպառնալիքները կանխելու անհրաժեշտությամբ»: Ընդհանրական այս բնորոշումից հետևում է, որ Ադրբեջանը զգուշանում է բոլոր հարևաններից, այդ թվում և՝ Ռուսաստանից ու Վրաստանից:
ԽՍՀՄ փլուզման նախօրեին վրաց-ադրբեջանական լարվածություն է առաջացել՝ կապված Զաքաթալայի և հարակից տարածքների պատմական պատկանելիության հետ, ինչին հակակշիռ՝ Ադրբեջանում ստեղծվել է «Բորչալու հայրենակցական միություն» կառույցը, որ իր հերթին ակտուալացրել է Վրաստանի հարավային շրջանների «ադրբեջանապատկանության» հարցը:
Վրաց-ադրբեջանական հարաբերություններում որքանո՞վ է հարթված փոխադարձ պահանջատիրության «կնճիռը»՝ հայտնի չէ: Փոխարենը վերջին ամիսներին ռուսաստանյան որոշ փորձագետներ բացահայտ խոսում են ռուս-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացում Մոսկվայի կողմից Բաքվին արված զիջումների մասին: Խոսքը լեզգիաբնակ մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու և Սամուր գետը կողմերի միջև բաժանելու մասին է:
Բացառված չէ, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ռուս-ադրբեջանական հարաբերությունների զգալի սառնության համատեքստում Ադրբեջանի հյուսիսային շրջանների էթնիկ փոքրամասնությունները հակված են «անջատողականության»: Գախի շրջանային գործադիր իշխանության ղեկավարի ձերբակալությունը, հավանաբար, կանխարգելիչ քայլ է:







































