Հռոմում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների երկրորդ փուլը: Ըստ տեղեկությունների՝ այն ընթանում է Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ: Իսրայելական աղբյուրները հաղորդում են, որ բանակցությունների մեկնարկին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային զենքից ազատ Մերձավոր Արևելքի ճանապարհի միակ խոչընդոտը «սիոնիստական կազմավորումն է»:
Ըստ էության՝ դա ԱՄՆ-ին Իրանի պահանջն է կամ գործարքի առաջարկը: Իսրայելից դուրս բերել միջուկային մարտագլխիկները, և Թեհրանը չի ձգտի միջուկային զենք ունենալ: Արևմտյան մամուլը դեռևս Արաղչիի Մոսկվայում արած մի քանի հայտարարություններից է եզրակացրել, որ Իրանը բանակցությունների երկրորդ փուլին գնում է ավելի կոշտ դիրքերից։
Ինչպես իսրայելական Ynet-ն է փոխանցում, Հռոմի բանակցությունների մեկնարկին հայտարարությամբ հանդես է եկել նաև Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին: Նա ասել է, որ պատվիրակությունն օժտված է «բոլոր լիազորություններով» և պատրաստ է համաձայնության, եթե պահպանվել հետևյալ ինը սկզբունքները՝ լրջություն, երաշխիքներ, բալանս, պատժամիջոցների վերացում, լիբիական նախադեպի բացառում, հրաժարում սպառնալիքներից, բանակցությունների արագացում, Իսրայելի նման սադրիչների զսպում և ներդրումների պայմանների թեթևացում:
Հատկանշական է, որ արտգործնախարար Արաղչիին Մոսկվա գործուղելուն զուգահեռ Իրանի հոգևոր առաջնորդը թեև բանակցությունների առաջին փուլը դրական է գնահատել, այնուամենայնիվ, պնդել է, որ ամերիկացիներին պետք չէ լիարժեք հավատ ընծայել:
Իրանական կողմն ինը նախապայման է առաջադրել այն տեղեկատվության ֆոնին, որ թեև Միացյալ Նահանգների նախագահը կասեցրել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագիրը, Իսրայելի կառավարությունը մտադրված է թեկուզ սահմանափակ հզորության, բայց ինքնուրույն ռազմագործողություն իրականացնել: Իսրայելի անվտանգության մարմիններին մոտ աղբյուրն ասել է, որ նախապատրաստությունը կարող է ամիսներ տևել:
Ընդսմին, ինչպես պնդել է անանուն պաշտոնյան, Իսրայելի գերխնդիրը «այաթոլլաների ռեժիմի տապալումն է»: Ենթադրվում է, որ այդ հատուկ գործողությունն իրականացնելու համար կներգրավվեն նաև դեսանտային ուժեր: Որոշ մեկնաբաններ, սակայն, տպավորություն ունեն, որ Նաթանյահուի կառավարությունը նման արտահոսքեր կազմակերպում է, որպեսզի նախ ստուգի Վաշինգտոնի արձագանքը, ապա և ներքաղաքական կոնսոլիդացիա ապահովի:
Նման տեսակետն էլ, ինչպես ասում են՝ գոյության իրավունք ունի: Նույն տրամաբանությամբ բացառված չէ, որ Իրանի արտգործնախարարը և հոգևոր առաջնորդի խորհրդականը Հռոմի բանակցություններում նշաձող են բարձրացրել, որպեսզի հասնեն «միջին արդյունքի»: Ալի Շամխանին ասել է, որ իրենք Հռոմ են մեկնել բանակցելու, ոչ թե «կապիտուլյացիայի ենթարկվելու»: Իրանի համար սկզբունքային է, որպեսզի Միացյալ Նահանգները չպնդի միջուկային օբյեկտները միջազգային հսկողությամբ պայթեցնելու տարբերակը, ինչպես դա իրականացվել է Լիբիայում: Իսրայելի կառավարության աղբյուրը իրավիճակը գնահատել է այսպես:
«Ոչ մի պայմանավորվածություն իրական չէ, քանի կա այաթոլլաների վարչախումբը»: Իրանի դեմ Իսրայելի ռազմական հարձակման հավանականությունը, երևի, բարձր չէ, բայց Նաթանյահուն կարող է անցնել Թեհրանում իշխանափոխության ծրագրին: Ապրիլի 17-18-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների, ինչպես նաև այլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Վերջին ձևակերպման տակ նկատի են առնված Ադրբեջանի ռազմական հետախուզության պատասխանատունե՞րը: Մոսկվան կսահմանափակի՞ իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը, հյուսիսից կապահովագրի՞ Թեհրանին:







































