Միջազգային ատյաններում Հայաստանի իրավական ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրած Եղիշե Կիրակոսյանը իր սոցցանցային էջում պարզաբանել է պաշտոնը թողնելու մասին իր որոշումը: Նա հայտնել է, որ ցանկանում է կենտրոնանալ ակադեմիական աշխատանքի դաշտում: Միաժամանակ, Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Գրասենյակը կշարունակի նվիրումով ու պատշաճ կատարել իր աշխատանքը:
Եղիշե Կիրակոսյանի պաշտոնաթողության հարցը առաջացրեց հանրային մեծ ուշադրություն և ունեցավ մեծ հնչեղություն: Եվ դա միանգամայն հասկանալի է, քանի որ խոսքը քաղաքական նշանակության հարցի մասին է, այն էլ հիմնարար հարցի մասին, որը ներառվածն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, խաղաղության պայմանագրի քննարկումներում: Ավելին, այն Ադրբեջանի պայմանների շարքում է՝ հրաժարվել միջազգային դատական հայցերից:
Պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատումը հանրության մոտ առաջացրեց առարկայական եզրակացություն, որ Երևանը այդպիսով կատարում է Ադրբեջանի պայմանը, պատրաստվում է հրաժարվել ահյեցրից, ինչի համար էլ պաշտոնից ազատում են Կիրակոսյանին՝ իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին: Եղիշե Կիրակոսյանի սոցցանցային պարզաբանումը չի տալիս այդ առնչությամբ հարցադրումների, կասկածների վերաբերյալ սպառիչ պատասխան: Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը դեռ ամիսներ առաջ արտահայտվել է հարցի առնչությամբ, նշելով, որ իր համար Ադրբեջանի առաջադրած պայմանը կարող է լինել ընդունելի, եթե Երևանն ու Բաքուն ամբողջապես համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի տեքստն ու դրանով նաև ձևավորեն կայուն ու հստակ երաշխիքներ, որ հետագայում չեն լինելու անցյալի հետ կապված որևէ նոր հայցեր:
Ըստ Փաշինյանի, այդ պարագայում Երևանը քննարկելի է համարում փոխադարձաբար հայցերից հրաժարվելու տարբերակը: Ընդհանուր առմամբ, ուժերի առկա հարաբերակցության պայմաններում, Երևանի այդ դիրքորոշումը կարող է դիտվել օպտիմալ: Կրկնեմ, եթե խոսքը հենց այդպիսի դիրքորոշման մասին է, այլ ոչ թե այն մասին, որ նման հայտարարությունը կարող է լինել շղարշ, որի ներքո կարող են ծավալվել Բաքվի պայմանի միակողմանի բավարարման պրոցեսներ: Հաշվի առնելով այդպիսի նախադեպային օրինակների առկայությունը, հանրության մոտ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ ու կասկածներ: Եղիշե Կիրակոսյանն, իհարկե, այդ հարցերի սպառիչ պատասխանի գլխավոր հասցեատերը չէ, անշուշտ, բայց նաև բավարար տեղեկացված հասցեատեր է, առնվազն իր մասով դրա վերաբերյալ պարզաբանումների համար:
Ըստ այդմ, թերևս հարկավոր է հանրությանը ներկայացնել, թե արդյո՞ք ակադեմիական ոլորտում կենտրոնանալու որոշումը կայացվել է այն պատճառով, որ այլեւս չի նկատվել միջազգային ատյաններում ՀՀ իրավական ներկայացուցչի գործառույթների իրականացման բավարար հեռանկար, կամ՝ իմաստ: Արդյո՞ք նրա որոշումը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի քաղաքական մոտեցումների փոփոխության միտումով, կամ փոփոխության վերաբերյալ քաղաքական աններեր որոշման առկայությամբ, որն էլ բերել է Կիրակոսյանի այդպիսի որոշման: Այդ հարցերը առաջանում են հատկապես այն բերումով, որ Եղիշե Կիրակոսյանն ու նրա թիմը անցնող երկու-երեք տարիներին միջազգային իրավական ատյաններում ՀՀ շահերը սպասարկել են բավականին արդյունավետ:









































