«Իշխանափոխությունն անհրաժեշտություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Բանախոսը ելույթը լավ գնահատեց, բայց երկու անհրաժեշտություն նշեց: «Առաջինը այն, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են երկրի ներսում լուրջ հենարան ստեղծել, արդարության հաստատում ուժային կառույցներում: Ակնհայտ է, որ ժողովրդի կյանքը վատանում է օրեցօր: Այժմ սոցիալական ավելի վատ պայմաններ են, քան առաջ: Անելիք ակնհայտորեն կա, բայց չենք հավատում, որ այսօր իշխանությունները կարող են վերաձևավորվել:
Երկրորդ անհրաժեշտությունը վերաբերում է արտաքին քաղաքակությանը: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխաներ Ս. Սարգսյանի ելույթին: Պետք է հետ քաշվեին հայ-թուրքական արձանագրությունները, իսկ մենք հետևում ենք, թե Թուրքիայում ինչ են անում, այս երկու պատճառները բավարար են, որ մենք համարում ենք, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է»,- այսպես մեկնաբեց իշխանափոխության անհրաժեշտության իր դիրքորոշումը Վ. Հովհաննիսյանը: Լրագրողների այն հարցին, թե Ռ. Քոչարյանի անունը կհայտնվ՞ «Դաշնակցության» ցուցակում, նա նշեց, որ ՀՅԴ-ում նման քննարկումներ և առաջարկներ չեն եղել:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության միտումներին` մասնավորապես Ռուսաստանի` Հովհաննիսյանն ասաց, որ Պուտինն ավելի կոշտ քաղաքական գործիչ է և մեր արտաքին քաղաքականության մեջ հնարավոր են ինչ-որ նյուանսային փոփոխություններ: «Մեր երկրի ներքին քաղաքականության մեջ իրավիճակային փոփոխություն չի լինի Պուտինի նախագահությամբ: Պետք է լինի այնպիսի իրավիճակ, որը կփոխի երկրի արտաքին, ներքին քաղաքակությունը և սոցիալական դրությունը: Մեր ձգտումը սեփական ուժերն են` առանց որևէ երկրի միջամտության: Պետք է ապրենք ինքնուրույն երկրում, որպես ազատ քաղաքացի»,- իր կարծիքը հայտնեց ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից` նա քիչ հավանական համարեց արտահերթ ընտրությունները:









































