Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նոր ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որն ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի հյուրն էր և պայմանավորվածություններ է ձեռք բերել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության վերաբերյալ:
Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահը Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի շարունակման անհրաժեշտության հարցը, որը, նրա խոսքով, ինչպես ի շահ սիրիացի ժողովրդի է, այնպես էլ ի շահ ֆրանսիացիների անվտանգության: Նա նաև Սիրիայում անցումային գործընթացին երկրի ժողովրդավարական ուժերի լիարժեք ինտեգրման կոչ է արել: Սիրիայի նախագահի նստավայրը հայտնում է, որ Ալ Շարաային ստացել է առաջիկա շաբաթներին Ֆրանսիա այցելելու հրավեր:
Ընդունե՞լ է նա հրավերը, թե ոչ, չի մանրամասնվում, սակայն հաշվի առնելով այն, որ հենց սիրիական կողմն է բարձրաձայնել հրավերի մասին, հնարավոր է եզրակացնել, որ այն, այդուհանդերձ, ընդունելի է: Սակայն ինչպե՞ս կվերաբերի դրան սիրիական նոր իրավիճակի գլխավոր «հոգաբարձու» համարվող Թուրքիան, մասնավորապես Էրդողանը: Շաբաթներ առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը խոսելով սիրիական և մերձավորարևելյան նոր իրավիճակի մասին և պատասխանելով Ֆրանսիայի դերի վերաբերյալ հարցին ասել էր, թե Անկարան Ֆրանսիայի դերին լուրջ կվերաբերի այն դեպքում, երբ տեսնի ԱՄՆ-ից ինքնուրույն դեր:
Ըստ նրա՝ պարզ չէ, թե Ֆրանսիան ինչ է իրենից ներկայացնում առանց ԱՄՆ-ի: Էրդողանի և Ալ-Շարաայի հանդիպումից հետո Մակրոնի զանգը Սիրիայի նախագահին արդյո՞ք նշանակում է, որ Մակրոնը փորձում է կառուցել ինքնուրույն դերը Սիրիայում: Ֆրանսիայի և Թուրքիայի էքզիստենցիալ մրցակցությունը բոլորովին նորություն չէ, բայց մյուս կողմից աշխարհում նորություն չէ և այն, որ ամենասուր մրցակիցներն անգամ կարող են գործակից լինել առանձին հարցերում:
Սիրիայի հարցում արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է գործակցել Թուրքիայի հետ, թե՞, այդուհանդերձ, Էրդողանի հետ հանդիպումից հետո նրա զանգը Սիրիայի նախագահին մրցակցային է, ոչ թե գործակցային: Հատկապես հաշվի առնելով այն, որ Սիրիայի նախագահի առաջին արտասահմանյան այցը եղել է Սաուդյան Արաբիա, ոչ թե Թուրքիա, իսկ առաջին արտասահմանյան առաջնորդը, որ այցելել է նոր իրավիճակում Սիրիա, եղել է Քաթարի էմիրը: Քաթարն օրերս հերթական պաշտպանական համաձայնագիրն էր ստորագրել Թուրքիայի հետ, որը ռազմական ներկայություն ունի այդ երկրում:
Ֆրանսիայի և Կատարի հարաբերությունը ունի վաղեմի պատմություն, իսկ շաբաթներ առաջ էլ Մակրոնը այց էր կատարել Սաուդյան Արաբիա, որը հավակնում է ավելի մեծ դեր ունենալ Մերձավոր Արևելքում, թե Լիբանանում՝ որը Ֆրանսիայի, ըստ էության, ճակատագրական հենակետն է, ինչը կորցնելու դեպքում Փարիզը կարող է կորցնել ամբողջ Արևելքը, թե Սիրիայում, որտեղ Ֆրանսիան գուցե ձգտում է ձևավորել իր հենման այսպես ասած երկրորդ կետը: Բայց ո՞ւմ հետ է դա անելու Փարիզը՝ Անկարայի՞, թե՞, օրինակ, Ռիյադի: Այդ հարցի պատասխանը ուղիղ շաղկապված է լինելու Ֆրանսիայի կովկասյան քաղաքականությանը, հետևաբար էական նշանակություն կունենա Հայաստանի համար:










































