Նախօրեին տարածվեց տեղեկություն Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանի՝ Սիրիա կատարած այցի մասին, որտեղ նա հանդիպում է ունեցել Սիրիայի նոր կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ։ Ըստ հաղորդագրության՝ Սիրիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանի փոխարտգործնախարարը քննարկել է երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, հայտնել Սիրիայում հումանիտար խնդիրների և բարեփոխումների հարցում գործակցության Հայաստանի պատրաստակամությունը:
Այդ համատեքստում, արդյո՞ք Երևանը Դամասկոսի հետ քննարկել է ականազերծողների և բժիշկների առաքելության գործունեությունը վերսկսելու հարցը: Երևանն այդ առաքելության գործունեության ժամանակավոր կասեցման ու Երևան վերադարձի մասին հայտարարեց նոյեմբերի վերջին՝ Սիրիայում հայտնի իրադարձությունների ֆոնին: Այդ առաքելությունը գործում էր ՌԴ հետ 2018-ին ձեռք բերած համաձայնությամբ: Այժմ Սիրիայում բոլորովին այլ իրավիճակ է:
Հունվարի 14-ին՝ Վաշինգտոնում, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրման արարողությանը հայտարարվեց, որ Հայաստանը միանում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային: Առա այսօր սակայն հայտնի չէ այդ ամենի մանրամասները, թե ինչպես է միանալու Հայաստանում: Գլոբալ կոալիցիան գործում է Սիրիայի և Իրաքի տարածքում: Հնարավոր է, որ Հայաստանի մարդասիրական առաքելությունը, որի գործունեությունը դադարեցվել էր հայտնի իրադարձությունների օրերին, վերականգնի այն արդեն Գլոբալ կոալիցիայի ձեւաչափում:
Չի բացառվում, որ հենց այդ մանրամասները կարող էին քննարկվել փոխարտգործնախարարի և Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպմանը: Հանդիպման մասին հաղորդագրությունը միևնույն ժամանակ պարունակում է մի բավականին ուշագրավ ձևակերպում. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը»: Ինչի՞ մասին է խոսքը: Հազիվ թե Հայաստանը որևէ դեր ունենա Սիրիայի և իր հարևանների հետ հարաբերություններում:
Սիրիայի անմիջական հարևաններն են Թուրքիան, Լիբանանը, Իսրայելը, Իրաքը, և այստեղ, անշուշտ, Հայաստանի որևէ դեր կարծես թե չի նշմարվում: Իսկ կարո՞ղ է քննարկվել Սիրիայի դեր՝ Հայաստանի և հարևանների «հարաբերությունների կարգավորման» հարցում: Արդյո՞ք դիտարկվում է Սիրիան այդ հարցերի առնչությամբ որոշակի շփումների հարթակ դաևձնելու հեռանկար, հաշվի առնելով թե այն, որ Սիրիայում ներկայումս դոմինանտ դեր ունի Թուրքիան, թե այն, որ Սիրիայում Թուրքիայի «կողքին» լինելու պատրաստակամության մասին է հայտարարել Ադրբեջանը: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանը Դամասկոս մեկնելուց առաջ եղել է Թեհրանում և հանդիպումներ ունեցել Իրանի ԱԳ նախարարի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:








































