Պուտին-Թրամփ բանակցությունների մասին խոսելը վաղաժամ է: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահի թիմից «տեղեկատվական արտահոսքին», որ երկու առաջնորդների հանդիպում է նախապատրաստվում:
Պեսկովը, ըստ էության, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման հավանականությունը չի հերքել: Նա իրավիճակը գնահատել է այնպես, որ բանակցությունների առարկայական նախապատրաստում չկա, կա հայտարարված ընկալում և քաղաքական կամք, քանի որ նման շփումները շատուշատ օգտակար և նպատակահարմար կլինեին: Կրեմլի խոսնակն ամփոփել է, որ այնուհետև կտեսնեն, երբ Վաշինգտոնում կձևավորվի նոր վարչակազմը:
Որքանով հասկացվում է՝ ԱՄՆ ընտրված նախագահի թիմն Մոսկվայի հետ ինչ-որ ձևաչափի քննարկումներ արդեն իսկ ունեցել է, դրանք շարունակվում են, բայց Վլադիմիր Պուտինը սպասում է Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնմանը, նոր վարչակազմի պաշտոնական ձևավորմանը: Մինչ այդ բոլոր շփումները ոչ պաշտոնական են:
Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը կստանձնի մեկ շաբաթից: Մինչ այդ նա հասցրել է հիմնովին «խառնել» միջազգային քաղաքականության օրակրգը: Նա հավակնում է տիրել Գրենլանդիային, Կանադային առաջարկել է նահանգի կարգավիճակով միավորվել ԱՄՆ-ին, սպառնում է վերատիրանալ Պանամայի ջրանցքին:
Այս հայտարարությունները Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների նախապատրաստության մա՞ս են կազմում: Թրամփը Պուտինին առաջարկում է «աշխարհը կիսե՞լ», թե հասկացնում է, որ ինքն էլ է «ուժեղ տղա», և երկու «մաչոների» մրցակցությունը հղի է ապոկալիպսիսի սպառնալիքո՞վ:
Պուտին-Թրամփ հավանական հանդիպման շուրջ քննարկումների, ենթադրությունների և կանխատեսումների ֆոնին դարձյալ աչքի է ընկել Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը: Նա Ուկրաինայի համար կարգավորման «գերմանական տարբերակը բացարձակապես անընդունելի» է գնահատել: Նա պատմական հեռանկարում խնդրի մի լուծում է տեսնում՝ «մալոռուսական տարածքների միացումը Ռուսաստանի Դաշնությանը»:
Որտեղի՞ց են սկսվում և որտե՞ղ են ավարտվում «մալոռուսական տարածքները»՝ Մեդվեդևը չի պարզաբանել: Բայց «գերմանական տարբերակի» մասին փորձագետները խոսում են Թրամփի թիմի ներկայացուցիչ Քելոգի անունից: Նրան է վերագրվում ուկրաինական կարգավորման այն տարբերակը, որի դեպքում շփման գծով ենթադրվում է հաստատել հրադադար: Ըստ այդմ, Ռուսաստանը դե-ֆակտո տիրապետում է գրաված տարածքներին, իսկ Ուկրաինան՝ ստանում անվտանգության երաշխիքներ, «բուֆերային գոտի» են մտնում եվրոպական «խաղաղապահ ուժեր»:
Դմիտրի Մեդվեդևը մերժում է այդ տարբերակը: Նա, իհարկե, հանդես է գալիս Ռուսաստանի նախագահի անունից: Նույնաբովանդակ հայտարարություն է արել նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը: Ստացվում է, որ Պուտին-Թրամփ բանակցություններ, ըստ Մոսկվայի, կարող են լինել միայն այն մասին, թե Վաշինգտոնն ինչպես և ինչ գործիքակազմով կարող է ոչ միայն Կիևին, այլև եվրոպական ազդեցիկ երկրներին համոզել, որ Ուկրաինան պետք է ընդունի Պուտինի վերջնագիրը և ստորագրի անվերապահ կապիտուլյացիայի ակտը:
Եթե վերացարկվենք Դոնալդ Թրամփի անձնական համոզմունքներից,- որպես անհատ և ԱՄՆ նախագահ նա կարող է Պուտինի «զգացմունքները հասկանալ», գլխավոր պիտի տեսնել մի հարց, նա Եվրամիությանը և Մեծ Բրիտանիային Ռուսաստանին հպատակեցնելու և ուժով տարածքներ նվաճելու նախադեպը կանխելու հնարավորություն ունի՞:
Թրամփի պաշտոնամուտին, նոր վարչակազմի ձևավորմանը նաև Թուրքիան է սպասում, նրա հետ էլ՝ Ադրբեջանը: Իսկ եվրոպացիներն արդեն «ատամ են ցույց տալիս», Ժնևում Իրանի ներկայացուցիչները վերսկսել են «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ բանակցությունները:









































