Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որը համախմբել էր Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին։ Խորհրդակցությանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։
Նախարարը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ՝ ուժեղացնել ծառայությունները, ակտիվացնել մի շարք հանցատեսակների դեմ ամենօրյա հետևողական միջոցառումներն ու օպերատիվ աշխատանքը։
Նախարարն ընդգծել է Արմավիրի մարզի կտրվածքով Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունն ու դերը մարզի աշխատանքների կատարողականը գնահատելիս։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որն իր մեջ կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։
Կադրային քաղաքականության շրջանակում կարևորվել է ծառայողների բարեվարքությունը, կատարողական կարգապահությունը, քաղաքացիների հետ գրագետ շփումներն ու պրոֆեսիոնալիզմը։
Քննարկվել են նաև Միգրացիայի և քաղաքացիության, Փրկարար ծառայության, Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող այլ հարցեր։





































