Հայաստանում ընդունվել է զինված ուժերի կերպափոխման նոր հայեցակարգ, որի մի դրույթ առաջացրել է բավականին աղմուկ: Խոսքն այն մասին է, որ հայեցակարգով նախատեսվում է մինչև 2027 թվականն անցում կատարել առավելապես պրոֆեսիոնալ բանակի՝ կրճատելով ժամկետային զինծառայության ժամանակահատվածը և հասցնելով այն մեկ տարվա: Հարցն իսկապես չափազանց կարևոր է, հետևաբար միանգամայն հասկանալի, որ արժանանում է մեծ ուշադրության: Հայաստանում պրոֆեսիոնալ բանակի անցման թեման տարբեր ակտիվությամբ շոշափվել է շատ տարիներ առաջ, նույնիսկ մինչև 44-օրյա պատերազմ: Ընդ որում՝ այստեղ կարծես թե գերակշռում է մտայնություն, որ պրոֆեսիոնալ բանակն է հայկական զինուժի մարտունակությունն արդիականացնելու բանաձևը:
Սա թյուր պատկերացում է: Պրոֆեսիոնալ բանակն ինքնին չի նշանակում աներկբա մարտունակ և արդիական բանակ: Նաև այդպիսի բանակ ունենալու համար բոլորովին պետք չէ հրաժարվել ժամկետային զորակոչով կազմավորվող բանակ ունենալու մոդելից: Այստեղ, իհարկե, որոշումների կայացման համար անհրաժեշտ է Հայաստանի ռիսկերի ու մարտահրավերների շատ ստույգ գնահատում, հետևաբար, ռեգիոնալ միջավայրի, Հայաստան-Ադրբեջան հարաբերության, ընդհանրապես Կովկասի անվտանգության ճարտարապետության գնահատում:
Հայաստանն ունի՞ այդ գնահատումը այսօր, որքանո՞վ դա կարող է լինել ստույգ, ճշգրիտ, եթե օրինակ անգամ գերտերությունների ղեկավարներն են արձանագրում, որ առաջիկա՝ նվազագույնը տասնամյակի համար վաղ է խոսել միջազգային հարաբերությունների և անվտանգության միջավայրի կայունացման մասին, հետևաբար շատ բարդ է կանխատեսել ռեգիոնալ մարտահրավերների տրանսֆորմացիան: Այդ պայմաններում որքանո՞վ է արդարացված բանակային մոդելի այդօրինակ փոփոխությունը: Այդօրինակ փոփոխությունների համար, թերևս, առավել նպատակահարմար են այն ժամանակահատվածները, երբ կա որոշակիորեն կանխատեսելի, կայունության շատ, թե քիչ հուսալի նախադրյալներով մակրոմիջավայր, որը թույլ է տալիս արդեն միկրոմակարդակում գնալ առանցքային մոդելային փոփոխությունների:
Այն, որ Հայաստանի զինուժի ռեֆորմացիայի խնդիրը հրատապ է, ոչ մի կասկած: Սակայն դրան ուղղված աշխատանքը ներկայումս պետք է ընդգրկի թերևս առավել օպերատիվ-մարտավարական տրամաբանություն, որն, ի դեպ, իր հերթին կդառնա նաև հետագայում առավել ռազմավարական ռեֆորմացիայի «տեղային» հիմք: Դա իր հերթին թույլ կտա նաև ռազմավարական կերպափոխման հարցում կայացնել «գետնին» առավել մոտ որոշումներ՝ տուրք չտալով տեղեկատվաքարոզչական տրենդներին և կարիքներին, այլ Հայաստանի զինված ուժերի ռազմավարական կերպափոխումը իրականացնել լավագույն միջազգային փորձի տեղային առավելագույն ընդգրկուն և խորը ադապտացիայի ռեժիմով:










































