Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի վարչապետին, նախագահի վարչակազմի ղեկավարին, ուժային կառույցների ղեկավարներին և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է շտապ միջոցներ ձեռնարկել երկրի հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է ղազախական «Էկոնոմիստ» պարբերականը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալիին։
Որոշումը կապված է Ուկրաինայում իրավիճակի սրման և պետության ներսում կայունության ապահովման անհրաժեշտության հետ։
Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկացվել է Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների ղեկավարությանը։ Ներքին անվտանգության հարցերը գտնվում են պետության ղեկավարի անձնական վերահսկողության ներքո։
«Ղազախստանի համար կայունության, հանգստության, օրինականության և կարգուկանոնի պահպանումը մնում է գլխավոր ռազմավարական նպատակը։ Ղազախստանը բազմիցս հանդես է եկել երկու սլավոնական ժողովուրդների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը բանակցությունների միջոցով լուծելու օգտին», – նշել է Տոկաևը։









































