Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նամակ-ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին: Ըստ տեղեկության՝ հայտնի է, որ նա Ֆրանցիսկոս պապին կոչ է արել դիմել աշխարհի առաջնորդներին, հատկապես քրիստոնյա երկրների, որպեսզի կանխվի իսրայելական հանցավոր ռեժիմի շարունակվող ագրեսիան: Նամակ-ուղերձից հայտնի է նաև, որ Իրանի նախագահը Վատիկանի առաջնորդին հայտնել է ամբողջ աշխարհում խաղաղություն և արդարություն տարածելու հարցում Սուրբ Աթոռի հետ գործակցության Իրանի պատրաստակամությունը:
Թեհրանից Վատիկան հղված այս նամակ-ուղերձը որոշակի ուշագրավ լույսի ներքո է դիտվում Երևան-Վատիկան շփման ֆոնին, որ տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում: Փաշինյանը Սուրբ Աթոռում հանդիպեց Հռոմի Պապի հետ, և ուշագրավ է՝ Երևանն էլ այդ հանդիպմանն իր լիակատար աջակցությունը հայտնեց աշխարհում խաղաղության օրակարգն առաջ մղելու Վատիկանի ջանքերին: Ըստ էության՝ ստացվում է, որ Երևանն ու Թեհրանը գրեթե համաժամանակ Վատիկանին հայտնում են իրենց աջակցությունը:
Իհարկե, հիմք չկա մտածել, որ այստեղ կարող է լինել որևէ համակարգվածություն, սակայն գուցե արժե այդ ֆոնին վերհիշել մեկ շաբաթ առաջ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ուշագրավ մի ձևակերպում՝ անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին: Կարո՞ղ է արդյոք Վատիկանի հետ գրեթե համաժամանակյա հաղորդակցությունը դիտարկվել թեկուզ անուղղակի, բայց հայ-իրանական միջոցառում:
Սա, իհարկե, պայմանական, հարաբերական բնորոշում է, սակայն, այդուամենայնիվ, հարցերի և անմիջական օրակարգի շրջանակը, որ կարող է քննարկվել թե Երևան-Վատիկան, թե Վատիկան-Թեհրան ձևաչափում, ըստ էության բավականին նույնական է: Իսկ, հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Իրանը այդ իմաստով ունեն նաև ընդհանուր հետաքրքրություններ և շահեր՝ իրավիճակի կառավարման, անվտանգության ու կայունության ապահովման տեսանկյունից, ապա այստեղ որոշակի «եռանկյուն» տրամաբանությամբ աշխատանքը ոչ միայն ավելորդ լինել չի կարող, այլ կարող է լինել անհրաժեշտ ու կարևոր: Ընդ որում՝, այդ իմաստով խոսքը բոլորովին չի վերաբերում միայն կովկասյան ռեգիոնին, այլ նաև Մերձավոր Արևելքին:







































