Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են Mercedes B200 մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա, մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։









































