Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում հանգստության և լարվածության թուլացման անհրաժեշտությունը:
Այս մասին հաղորդում է Կատարի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։
«Զրույցը վերաբերել է Գազայի հատվածում և Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին իրադարձություններին, Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանն ուղղված համատեղ միջնորդական ջանքերին և Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությանը, ընդգծվել է տարածաշրջանում հանգստության և ապաէսկալացման անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, The Times of Israel-ը, վկայակոչելով Ynet լրատվական հարթակի տեղեկատվությունը, հաղորդել է, որ Ալ Թանին զրուցակցին հայտնել է, որ «հարկավոր է լավ մտածել` «արդյոք ձեզ կամ «Հեզբոլլահ»-ի համար նպատակահարմար է Իսրայելի վրա հարձակվել հենց հիմա, երբ նման առաջընթաց է դիտվում»։
Հրապարակման մեջ նշվում է, որ «հեռախոսազանգը, ըստ երևույթին, ազդեցություն է ունեցել, քանի որ միջնորդ երկրներից մեկի պաշտոնական ներկայացուցիչներն իմացել են, որ «Հեզբոլլահ»-ը ներկայում հետաձգել է Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ նախկին որոշման կատարումը»:









































