Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչները ահազանգում են ՊԵԿ նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը վերաբերում է 10 միլիոն դրամ եւ ավելի ֆինանսական խախտումներին, որ կարող են թույլ տալ ընկերությունները: Ըստ գործարարների ահազանգի, ՊԵԿ նոր օրենսդրական նախաձեռնությունը այն մասին է, որ խախտումը փոխհատուցելուց հետո անգամ գործարարը մնալու է ազատազրկված: Այսինքն, հայտնաբերվում է խախտումը, գործարարը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչը միանգամայն նորմալ է, բայց նա այդ պատասխանատվությունից չի ազատվում անգամ այն դեպքում, երբ փոխհատուցում է հայտնաբերված խախտումը: Իսկ սա արդեն հազիվ թե հնարավոր լինի համարել նորմալ, առավել եւս համարել, որ նորմալ է Հայաստանի տնտեսական, ներդրումային գրավչության համար:
Իսկ ներդրումային գրավչությունը մի հատկանիշ է, որն այսօր առավել քան անհրաժեշտ է Հայաստանին, որը ունի ավերիչ պատերազմից հետո վերականգնման անհրաժեշտություն, այն էլ նաեւ տնտեսական վերականգնման: Որովհետեւ, պատերազմը մարդկային ծանր կորուստներից, տարածքային ծանր կորուստներից, Արցախի ծանրագույն կորստից բացի, Հայաստանին պատճառել է նաեւ միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստ: Ընդ որում, տնտեսական ռեսուրսների գեներատիվ կարողությունների կորուստ: Այդ հանգամանքը Հայաստանի համար կենսական հրամայական է դարձնում ներդրումային դաշտի գրավչության բազմապատկումը, ամենամեծից մինչեւ ամենափոքր դետալների հանդեպ ուշադրությամբ, որպեսզի Հայաստանը դառնա արտաքին ներդրողի համար գրավիչ ուղղություն:
Արտաքին խոշոր ներդրումները Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ուժ են, այլ նաեւ քաղաքական, որովհետեւ տնտեսական շահերը ձեւավորում են նաեւ գործընկերային կապեր: Միեւնույն ժամանակ, հանրահայտ ճշմարտություն է, թե կապիտալը որքան զգայուն է այսպես ասած քրեական ռիսկերի հանդեպ: Ի վերջո, պատրանք է կապիտալի բյուրեղյա մաքրության «թեզը»: Այդպես չի լինում «բնության» մեջ: Հետեւաբար, պետությունից պահանջվում է հետեւողական ու սիստեմատիկ աշխատանք հաշվետվողականության, թափանցիկության, օրինականության ապահովման համար, բայց այնպես, որ այդ աշխատանքը բիզնեսին ոչ թե «խրտնեցնի»՝ թող ներվի այս բնորոշումը, ոչ թե առաջացնի վախեր կամ արգելակող հավելյալ գործոններ, այլ գործակցության խթաններ: Ի վերջո, ոչ ոք չի կարող բացառել աայսպես ասած պետական որեւէ ինստիտուտի դիտավորության կամ սխալի հանգամանքը՝ այս կամ այն ներդրողի գործունեության գնահատման հարցում:
Հետեւաբար, այդ սխալի հետեւանքով մարդը կարող է տարիներ անցկացնել բանտում, անգամ եթե փոխհատուցում է թեկուզ սխալի հետեւանքով արջանագրված ֆինանսական խախտումը: Եվ ավելին, չի բացառվում նաեւ ներդրողի կամ նրա ֆինանսական թիմի սխալը, եւ այլ բազմաթիվ հանգամանքներ: Հետեւաբար, ֆինանսական, տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հանգամանքը պետք է դիտարկվի չափազանց զգուշավորությամբ եւ առավելագույն նշաձողերով, որովհետեւ պետության ներդրումային քաղաքականության առանցքային միտումն ու ներդրողներին տրրվող առանցքային ազդակը պետք է լինի բիզնեսի ապաքրեականացումը: Հատկապես Հայաստանի պարագայում, որը օբյեկտիվորեն ունի ներդրումային գրավչության «բնական սահմանափակություններ», հետեւաբար կարիք ունի ստեղծել հավելյալ մրցակցային առավելություններ, այլ ոչ թե հավելյալ արգելակներ:






































