Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական հետաքննություն կարող է նախաձեռնել, որպեսզի պարզի 2008թ. «հնգօրյա պատերազմի» հանգամանքները: Apsny.ge-ի խմբագրականի գնահատմամբ՝ դա արվում է, որպեսզի «պատերազմի սանձազերծման քաղաքական պատասխանատվությունը բարդվի նախկին նախագահ Սաակաշվիլիի վրա»: Վրաստանում հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են: Մինչ այդ հազիվ թե հնարավոր է որևէ հիմնավոր բացատրություն ունենալ, թե ինչպե՞ս և ու՞մ պատճառով է սկսվել ռուս-վրացական պատերազմը:
Օգոստոսի 8-ին Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և Ռուսաստանին կոչ արել, որ կատարի պարտավորությունները, ի մասնավորի՝ թույլատրի միջազգային կառույցների մուտքը Աբխազիա և Հարավային Օսեթիա:
Թբիլիսին Մոսկվային մեղադրել է Աբխազիան և Հարավային Օսեթիան օկուպացնելու, վրացի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ և ընդգծել խաղաղ–բանակցային ճանապարհով միավորման ու եվրոպական ընտրությանը հավատարիմ մնալու նպատակադրվածությունը: Ի պատասխան, Մոսկվան կրկնեց վաղեմի նախապայմանը՝ Վրաստանը պետք է ճանաչի իրողությունները և Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ ստորագրի «չհարձակման մասին պայմանագիր»:
Բարդ է ասել, թե Վրաստանի ընտրողը ինչպե՞ս կընդունի այդ քարոզչությունը, բայց որ Մոսկվան հնարավորությունն օգտագործելու է, երևի, կասկածել պետք չէ: «Վրացական երազանքը» այս օրերին բախվել է երկու բարդ խնդրի: ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից Բելառուսի քաղաքացի Կիսլյակին պատասխանել են, որ, չնայած նա միջազգային կոնվենցիաների համաձայն կարող է քաղաքական ապաստան ստանալ, բայց «նման որոշումը կբարդացնի միջպետական հարաբերությունները»:
Կիսլյակն, ըստ երևույթին, կարտահանձնվի Բելառուսի իշխանություններին, որտեղ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված: Նման իրավիճակում է հայտնվել նաև ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը: Նա քաղաքական ապաստան է խնդրել և մերժվել, ապա Ադրբեջանի գլխավոր դատախազության միջնորդության հիմքով ձերբակալվել:
Թբիլիսիի դատարանը Սադիգովին երկամսյա ժամկետով կալանավորել է: Այդ ընթացքում պետք է լուծվի նրան Ադրբեջանին արտահանձնելու հարցը, թեև Սադիգովը բողոքարկել է Միգրացիոն ծառայության որոշումը և սպասում է վերաքննիչ դատարանի վճռին: Ըստ Բաքվի «Թուրան» գործակալության՝ վրացական «տասնյակ ՀԿ-ներ զբաղվում են Սադիգովի գործով»: Նրան կալանքից ազատելու և քաղաքական ապաստան շնորհելու կոչ է արել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Այդուհանդերձ, փորձագետների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Վրաստանի իշխանությունները «չեն գնա Իլհամ Ալիևի հետ հարաբերությունների բարդացման և Սադիգովին կարտահանձնեն»: Ադրբեջանում նրան սպասվում է ութ տարվա ազատազրկում: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հույս ունի խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերբեռնման հասնել»:
Բայց եթե «Վրացական երազանքը» հաղթի, ռուս-վրացական պատերազմի պատասխանատվությունը Սաակաշվիլիի, ըստ էության՝ Արևմուտքի, վրա բարդելու, Բելառուսի և Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու գնով, ապա ո՞րն է լինելու Վրաստանի «եվրոպական ընտրության» արժեքը:








































