«Իզվեստիա»-ին հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Լավրովը վերստին ասել է, որ Հայաստանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը Մոսկվայի համար «անսպասելի էր»: Հետագա իրադարձությունները նա կապում է Նիկոլ Փաշինյանի «սորոսական անցյալի» եւ դեռեւս ԱԺ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում ունեցած՝ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու ծրագրի իրականացման հետ:
Այս համատեքստում բավական հետաքրքիր է հրապարակում է արել հունական Kathimerini պարբերականը, որ նվիրված է ռուս-հունական հարաբերություններին: Հեղինակը բերում է գլխավոր փաստարկը՝ Ռուսաստանը փոխել է Կիպրոսի հարցում վերաբերմունքը, Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականությունը Հունաստանի դեմ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին «շատ նման է»: Վկայակոչվում է փաստը, որ երբ Կիօրոսի հյուսիսում 2023թ. ամռանը թուրքական օկուպացիոն զորքերը բախումներ ունեցան ՄԱԿ-ի խաղաղապահների հետ, Անվտանգության խորհրդին չհաջողվեց բանաձեւ ընդունել, քանի որ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի ներկայացրած նախագծի դեմ վետո կիրառեց, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը թուրքական ինքնահռչակ կազմավորումն անվանեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»:
Այդ անվանումն օգտագործում են միայն Թուրքիան եւ Ադրբեջանը: Այս առումով հարկ է հշեցնել, որ նույն շրջանում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահն« այցելեց Բաքու, կողմերի միջեւ առաջին անգամ ֆորմալ մակարդակով ստորագրվեց գիտության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հուշագիր: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսատանի վերաբերմունքի փոփոխության պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելն է, ապա Կիպրոսի պարագայում ո՞րն է Մոսկվայի դիրքորոշման փոփոխության շարժառիթը: Չէ՞ որ Հունաստանի վարչապետը Կիպրոսի հյուսիսային հատվածը չի ճանաչել անկախ պետություն կամ Թուրքիայի մաս:
Հունական պարբերականը եւս մի կարեւոր փաստ է վկայակոչում՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որ միջազգային կոնվենցիայի իմաստով «Հունաստանը կարող է հավակնել իր ծովային սահմանը 12 մղոն խորությամբ հաստատելուն, բայց եթե հարեւան երկիրը պատմական փաստարկներ է բերում, ապա խնդիրը պետք է քննարկվի շահերի հավասարակշռություն գտնելու սկզբունքով»: Խոսքը թուրք-հունական ծովային սահմանի եւ այսպես կոչված «վիճելի կղզիների» մասին է, որ Թուրքիան պահանջում է լիովին ապառազմականացնել: Սա շատ նման է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում Մոսկվայի մոտեցմանը:
Ի վերջո, հունական թերթը ցավ է հայտնում, որ իրավիճակն ստիպել է, որ Աթենքում ՌԴ դեսպանը չհրավիրվի Հունաստանի ազգային-ազատագրական պատերազմի հերթական տարելիցի պաշտոնական արարողությանը, գնահատում, որ «ռուս-հունական հարաբերությունները խարխլված են»: Նրա ընդհանրացմամբ՝ բուն պատճառն այն է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հանդես է գալիս «ազգակիցներին պաշտպանելու քարոզչությամբ, ինչը մշտապես Թուրքիան հնչեցնում է Հունաստանի հասցեին»: Չնայած թուրք-հունական վերջին շրջանի շփումներին, Աթենքում, պարզվում է, ոչ ոք չի մոռացել Էրդողանի հայտարարությունը, որ ինքը «լսում է Սալոնիկի մզկիթների հառաչանքը»:







































