Նախօրեին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռզաեւը Գերմանիային մեղադրել է «հակադրբեջանականության մեջ Ֆրանսիային ոչնչով չզիջելու,, մեջ եւ կառավարությանը հորդորել, որ արգելի գերմանական արտադրության ավտոմեքենաների ներկրումը: Ադրբեջանցի խորհրդարանականը հիշեցրել է, որ համաշխարհային երկու պատերազմները Գերմանիան է սկսել եւ ֆաշիզմի հայրենիքն է: Ադրբեջանում Գերմանիայի նկատմամբ վերաբերմունքը միշտ դրական է եղել, Բաքուն մի փուլում նույնիսկ մեծ ջանքեր է գործադրել, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահ ընտրվի:
Գերմանիայի հետ հարաբերությունների սառնության խորքային պատճառները դժվար է գնահատել, բայց ուշադրություն է գրավում Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական աղբյուրներից մեկի՝ MeydanTV-ի հրապարակումը: Հղելով գերմանական հեղինակավոր Spiegel պարբերականի կայքին, ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ Մյունխենի դատախազությունը քրեական հետաքննությունն է սկսել Բունդեսթագի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերի եւ Էդուարդ Լինթերնի դեմ: Նրանք կասկածվում են պատգամավորության եւ ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության անդամության շրջանում Ադրբեջանի կառավարությունից «կաշառք ստանալու եւ Ադրբեջանի օգտին քաղաքական լոբբինգ իրականացնելու պարտավորվածության» մեջ:
Ըստ Բունդեսթագին մոտ եւ Ստրասբուրգի աղբյուրներից Spiegel-ի ունեցած տեղեկությունների, Ֆիշերը եւ Լինթները «Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ ուղղակի շփումներ չեն ունեցել»: Գործարքը կայացել է Բունթեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն դաշինքի պատգամավոր Կարին Շտենզեի եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի միջեւ: Խոսքը «մի քանի միլիոն եվրոյի հասնող գումարի մասին է»: Գործարքը, ըստ աղբյուրների, կայացել է 2015-16 թվականներին: Ֆիշերը եւ Լինթներն իրենց հերթին ԵԽԽՎ-ում գործարքի մեջ են մտել այլ երկրների պատվիրակության անդամների հետ:
Ադրբեջանի համար առանձնակի կարեւորություն ունեցող բանաձեւի օգտին տրված մեկ քվեն «միջին հաշվով գնահատվել է 20 հազար եվրո»: Բունթեսթագի ՔԴՄ դաշինքի եւ այլ երկրների քանի՞ պատգամավոր է Ադրբեջանից կաշառվել եւ ծառայել նրա քաղաքական շահերին՝ մանրամասնություններ հայտնի չեն: Մյունխենի դատախազությանը մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ հետաքննությունը բարդանում է նրանով, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ գործարք կնքելու մեջ կասկածվող Կարին Շտենզեն ,,արձակուրդից վերադառնալուց մի քանի օր անց 2021թ. հուլիսին հանկարծամահ է եղել,,: Բացառված չէ, որ այդ հարցում «նրան օգնել են»: Գերմանիայն օրինապաշտ երկիր է, նման հետաքննությունը կարող է տարիներ տեւել: Հնարավոր է՝ հարցի հրապարակայնացումը հետապնդում է նաեւ ներքաղաքական նպատակներ:
Այդուհանդերձ, Ադրբեջանի կառավարությանը, որ նույնն է, թե՝ Ալիեւին, նման սկանդալային մեղադրանքի վերաբերյալ մամուլի իրազեկումն, ամենայն հավանականությամբ, տեղեկատվական կազմակերպված արտահոսք է: Անցյալ տարեվերջին Բաքվում Գերմանիայի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին ներկայացրել Ադրբեջանում «ապօրինի ֆինանսական գործունեություն իրականացնելու» կապակցությամբ: Խոսքը լրագրող Մոհամեդ Կեկալովի մասին է, որ կոռուպցիոն հետաքննություններ էր անում գերմանական մի կազմակերպության կողմից անհատական դրամաշնորհի միջոցով:
Բունդեսթագի երկու նախկին պատգամավորի գործը, կարծես, Ալիեւին հղված ազդակ է, որ իրավիճակի հետագա սրման դեպքում նոր բացահայտումները չեն ուշանա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ալիեւը աստղաբաշխական գումարներ է ծախսում ոչ միայն Եվրոպայում, այլեւ ԱՄՆ-ում, Լատինական Ամերաիկայում, Մերձավոր Արեւելքում: Այլ հարց է, թե Եվրոպան ինչու՞ մոտ երկու տասնամյակ տեսել, իմացել, բայց լռել է: Իրավիճակ է փոխվել: Կկարողանա՞ն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի կառույցներն այս հնարավորությունն առարկայորեն իրացնել










































