Հայկական բանակն այսօր նշում է իր ծննդյան 32-րդ տարեդարձը: Բազմիցս ենք նշել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բանակն իր տոնը դիմավորում է ծանր տրամադրությամբ, եւ ծանր տրամադրությունը հունվարի 28-ի տոնական օրն ուղեկցում է բոլորիս, ինչպես ըստ էության տարբեր առիթների բոլոր տոնական օրերին: Ծանր հարվածները, որ ստացան Հայաստանն ու Արցախը վերջին երեք տարիներին, ըստ էության որեւէ կերպ թույլ չեն տալիս որեւէ առիթով համակվել տոնական տրամադրությամբ: Բայց, հատկապես այսօր՝ հայկական բանակի տարեդարձի օրը, այդ տոնական տրամադրությունն ըստ էության պետք էլ չէ:
Այսօր պետք է աշխատանքային տրամադրություն՝ տոնը վերադարձնելու համար: Աշխատանքային տրամադրություն այդ բառի ամենեւին ոչ առօրեական իմաստով, այլ փիլիսոփայական, կամային, որովհետեւ առօրեական աշխատանքային տրամադրությունը մեզ պետք է ուղեկցի մնացյալ օրերին: Հայկական զինուժի օրը մենք պետք է թերեւս վերաիմաստավորենք մեր անցած ճանապարհը, անելու համար կարեւոր արձանագրումներ, որոնք հույժ էական նշանակություն են Հայաստանի զինված ուժերի եւ հայկական պետականության վերականգնման համար: Զինված ուժերի հանգամանքը այստեղ ունեցել է եւ ունի էական նշանակություն: Զինուժը այն կառույցն է, որն ամենեւին չի կարող լինել զուտ պրոֆիլային, դիտվել պաշտպանական գերատեսչություն, որը լուծում է պետության անվտանգության, արտաքին պաշտպանության հարցեր:
Անկասկած, հենց դա է զինուժի առանցքային առաքելությունը, սակայն, դրանից զատ, զինված ուժերը հայկական պետականության ողնաշարային գործոն են ոչ միայն այդ, այլ նաեւ արժեհամակարգային իմաստով: Իսկ պատճառն այն է, որ հայկական պետականությունը ձեւավորվել է պատերազմի բովում, պետականության կայացումը ուղեկցվել է պատերազմով՝ ծանր, բարդ, եւ հաղթական պատերազմով: Դա ստեղծում էր տարաբնույթ հանգամանքների մի փունջ, որը պետականության համար առանցքային էր դարձնում զինված ուժերի հետագա դերակատարությունը ոչ միայն լոկ պաշտպանական ոլորտային, այլ նաեւ գաղափարական, արժեհամակարգային իմաստով, որը պետք է լիներ պետականության կառուցման այն շաղախը, ինչի շնորհիվ այդ պետականությունը պետք է համարժեք լիներ թե ժամանակի զարգացմանը, թե դրան զուգահեռ ծավալվող մարտահրավերներին: Այդ առումով հատկապես առանցքային էր դառնում ռազմական էլիտայի դերը:
Քաղաքականությունն ու բիզնեսը սակայն այդ աենը ենթարկեցրին իրենց կանոններին: Բանակը շարունակեց մնալ հանրայնորեն ամենավստահելի պետական ինստիտուտը, սակայն խնդիրն այն չէր լոկ, որ հանրությունը պետք է վստահեր բանակին: Գլխավոր հարցն այն է, թե զինուժը, ռազմմական էլիտան ինչպես պետք է կապիտալիզացներ այդ վստահությունը հենց հանրության համար զարգացման ուղենիշներ մշակելով եւ առաջարկելով՝ այդ վստահության դիմաց: Ռազմական էլիտայի գերակշռող մեծամասնությունը սակայն, քաղաքական ու տնտեսական էլիտաների հետ մեկտեղ, գործնականում զբաղված էր հանրային այդ վստահությունը չարաշահելով, շահագործելով:
Այսօր զինված ուժերի առաջ հիմնավորապես այլ իրավիճակ է, ծանր ու բարդ խնդիրներ՝ նույնքան ծանր ու բարդ պայմաններում, սակայն գործնականում զինուժը շարունակում է հայկական պետականության համար ունենալ առանցքային դեր, առաքելություն՝ սեփական ոլորտային, գերատեսչական, սահմանադրական անելիքից զատ: Չնայած ռազմական ձախողումներին, որոնց պատճառները դեռ պետք է խորապես ուսումնասիրել եւ հասկանալ, հայկական պետականությունը շարունակում է իր կենսագործունեությունը, որի հիմքն այդուհանդերձ եղել է ռազմական հաղթանակը, ձեւավորելով կենսափիլիսոփայությունը հենց այդ պրիզմյով: Դա իր հետ բերում է թե հնարավորություններ, թե տարատեսակ նուրբ հանգամանքներ, բայց անխախտ է պահում պետականության հիմքում զինուժի հիմնարար դերակատարումը, որն անհրաժեշտ է հասարակական զարգացման վարքագծային ուղենիշներ մշակելու տեսանկյունից:
Իհարկե այսօր սակայն, դրա նախադրյալներն արդեն պետք է ձեւավորեն քաղաքական ու տնտեսական էլիտաները, եթե կարող են, ի տարբերություն 1990-ականների, երբ նախադրյալները ձեւավորել էր հաղթական պատերազմը: Ռազմական պարտությունից հետո քաղաքական ու տտեսական էլիտաները պետք է կարողանան ձեւավորել այն միջավայրը, որտեղ վերականգնվելով եւ արդիականանալով ոլորտային իմաստով, զինուժը ի զորու կլինի նաեւ ստանձնել ավելի լայն առաքելություն եւ հանրության հետ փոխադարձ վստահության հաղորդակցությամբ լինել ոչ միայն պետական պաշտպանության աղբյուր, այլ նաեւ հասարակական համակեցության ու համերաշխության արժեքային, գաղափարական ուղենշային աղբյուրներից մեկը:







































