Իրանը Թուրքիայի անվտանգությունը դիտարկում է որպես իր անվտանգություն, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսին, որը հունվարի 24-ին այց էր կատարել Թուրքիա եւ ավելի քան երկու ժամ փակ քննարկում ունեցել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Իրան ու Թուրքիան պայմանավորվել են հակաահաբեկչական միասնական պայքարի մասին, հայտարարել է Էրդողանը, ասելով, որ առաջիկայում «կլինեք դրա ականատես»:
Ի՞նչ են պայմանավորվել Իրանն ու Թուրքիան՝ Ռայիսիի այցի ընթացքում, որը հետաձգվեց մի քանի անգամ: Անկարայում կողմերը ստորագրել են տասը համաձայնագիր, որոնք ներառում են երկկողմ գործակցության մի շարք ոլորտներ՝ տնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջային, մշակութային եւ այլն: Առանցքայինը սակայն անվտանգության թեմատիկան է, այն պարզ պատճառով, որ դա ներկայումս գերկարեւոր խնդիր է միջազգային բոլոր դերակատարների համար, բոլոր ռեգիոններում, եւ այսօր հատկապես մերձավորարեւելյան ռեգիոնում, որի ըստ էության «ավազանային ռեգիոն» է նաեւ Կովկասը:
Ըստ այդմ, ի՞նչ է ենթադրելու Իրանի եւ Թուրքիայի միասնական կամ համատեղ հակաահաբեկչական պայքարը: Դա ենթադրելու է «զինադադա՞ր», միմյանց դեմ որեւէ ուղիղ եւ պրոքսի գործողությունների բացառու՞մ, թե՞ ենթադրելու է այսպես ասած պրոակտիվ հակաահաբեկչական պայքար: Իրանի նախագահի այցից առաջ Թուրքիան եւ Իրանն ըստ էության փոխանակվեցին անուղղակկի «հարվածներով»: Իրանը հրթիռակոծեց Իրաքի ու Սիիրիայի տարածքում այսպես ասած հակաահաբեկչական թիրախներ, Թուրքիան էլ իր հերթին իրականացրեց այսպես կոչված հակաահաբեկչական ռազմական գործողություններ, այդ թվում խմբավորումների դեմ, որոնց պարագայում նշմարվում են կապեր Իրանի հետ: Իրանի նախագահի այցից առաջ Թուրքիայի հետախուզության ղեկավարը այց կատարեց Իրաք, հանդիպելով տեղի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ:
Այն, որ Իրանն ու Թուրքիան եկել են առնվազն «պասիվ» հակաահաբեկչական պայքարի փոխհամաձայնության, հուշում է, որ գործողություններ չեն անի միմյանց դեմ: Հարցն այն է, թե արդյո՞ք Կովկասը ներառվում է այդ շրջանակում: Ըստ ամենայնի դրա առնվազն որոշակի իմաստով դրական պատասխան է այն, որ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության մեջ խոսվում է նաեւ Կովկասի մասին, նշելով Կովկասի երկրների տարածքային ամբողջությունը հարգելու անհրաժեշտության մասին, նաեւ գնահատել 3+3 ձեւաչափի դերը՝ որպես ռեգիոնալ խորհրդատվությունների եւ կառուցողական գործակցության հարթակ: Անշուշտ, այդ արձանագրումները չեն կարող լինել աներկբա, հատկապես գրեթե ամեն ժամ փոխվող միջազգային իրողությունների պայմաններում: Սակայն առնվազն կարճաժամկետ իմաստով, Իրանի նախագահի այցը Թուրքիա կարծես թե որոշակի՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն է թողել Կովկասի կայունության հարցում:









































