Նախօրեին կառավարությունը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակեց Արամ Ղազարյանին: Առաջին հայացքից սա սովորական նշանակում է, որ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց նախկին մարզպետին: Դա տեղի ունեցավ դպրոցների նորոգման առնչությամբ հայտնի պատմությունից հետո, որին հանրությունն ականատես դարձավ Փաշինյանի Լոռու մարզ այցի ընթացքում: Արամ Ղազարյանի նշանակումը սակայն, թերեւս այդքան էլ սովորական չէ:
Ղազարյանը ըստ էության աշխատել է ոստիկանական համակարգում, եղել է Շիրակի ոստիկանապետ: Փաստացի, նրա նշանակումը մարզպետի պաշտոնում, երկրորդն է, երբ ուժային համակարգի ներկայացուցիչը դառնում է մարզպետ: Առաջինը Վայոց Ձորն էր, որի մարզպետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը նախորդ տարեվերջին նշանակեց մարզի ԱԱԾ վարչության պետին: Իհարկե հազիվ թե բոլոր մարզպետները փոխարինվեն ուժային համակարգերի ներկայացուցիչներով, առավել եւս, որ Արմավիրի մարզպետի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը թափուր պաշտոնին նշանակեց Արմավիրի քաղաքապետին, որը նաեւ իր սանիկն է: Բայց, այստեղ էլ կա որոշակի «օրինաչափություն»:
Նիկոլ Փաշինյանը ձեւավորում է մարզպետների խիստ վստահելի միջավայր, եւ այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ ուժային ոլորտում աշխատանքի մեծ փորձառություն ունեցող անձանց նշանակումը մարզպետների պաշտոնում: Այդ խիստ վստահությունն ու կառավարելիությունը Փաշինյանին ակնհայտորեն անհրաժեշտ է լինելու առաջիկա տարվա ընթացքում, երբ ըստ ամենայնի կգործարկվի իրադարձությունների զարգացման նախընտրական սցենարը: Իհարկե աներկբա պնդել այդ սցենարի գործարկման վրա, ճիշտ չէ: Դրա գործարկումը գերազանցապես պայմանավորված է լինելու արտաքին միջավայրում իրողություններից, թե անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան գործընթացից, եւ թե լայն իմաստով ռեգիոնալ հանգամանքներից: Այդ նշանակումներն ու վերադասավորումները ըստ էության դարձել են բավականին նկատելի ցուցիչ, այն սպասումների առնչությամբ, որ ունի պաշտոնական Երեւանն արտաքին միջավայրից:







































