Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրել: Դա, հավանաբար, Ալիեւի հնչեցրած այն մտքի պատասխանն է, որ եթե Հայաստանը ձեռք բերի նոր սպառազինություններ, եւ Բաքուն համարի, որ դրանք սպառնում են իր տարածքային ամբողջականությանը, ապա կանխարգելիչ հարվածները չեն ուշանա: Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը Բաքվից արձագանք չի հետեւել անգամ փորձագիտական մակարդակով:
Փոխարենը խոսել է ՌԴ Դաշնային խորհրդի Վերին պալատի նախկին անդամ Ֆրանց Կլինցեւիչը, որի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի առաջարկությունը «ոչ ադեկվատ է»: Նա ասել է, որ Ադրբեջանը ռազմական ներուժով Հայաստանին գերազանցում է եւ «գաղտնիքներ կիսելու մտադրություն հաստատ չունի»: Ռուսաստանցի նախկին սենատորը, որ զբաղվում է քաղաքագիտությամբ, Հայաստանին «խորհուրդ է տվել» Ռուսաստանի հետ «կառուցել ճիշտ հարաբերություններ»:
Ի՞նչ է հասկացվում «ճիշտ հարաբերություններ» ձեւակերպման տակ՝ Կլինցեւիչը պարզաբանել է այսպես. «Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանի Ռուսաստանի հետ ճիշտ փոխհարաբերություններն են, բարեկամականը: Միայն Ռուսաստանի վրա հենվելով Հայաստանը կարող գոյատեւել»: Ի՞նչ եւ ինչպիսի՞ հարաբերություններ ունեն կամ կունենան, կամ ռուսաստանցի նախկին սենատորի կարծիքով պետք է ունենան Հայաստանը եւ Ռուսաստանը՝ թվում է երկկողմ քննարկումների հարց է, որ չպետք է կապված լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինությունների վերահսկամ համաձայնության հետ:
Կլինցեւիչի դատողությունների տոնայնությունից, մինչդեռ, հասկացվում է, որ Ռուսաստանի համար նման պայմանավորվածությունը, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց զինանոցը վերահսկելու հնարավորություն կունենան, անընդունելի է: Նա ասում է, որ Բաքուն «գաղտնիքներ կիսելու մտադրություն չունի»: Եթե Ադրբեջանն անկախ, ինքնիշխան եւ ինքնաբավ արտաքին քաղաքականություն վարող երկիր է, ինչպես Բաքվում Ալիեւից սկսած մինչեւ վերջին գրչակն է մանտրայի նման կրկնում, ապա ինչու՞ Կլիցեւիչին չեն հակադարձում:
Չէ՞ որ սպառազինություն ունենալ-չունենալը, այդ մասին գաղտնիք պահել-չպահելը կամ որեւէ երկրի հետ կիսել-չկիսելը յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է: Կլինցիեւչը, մինչդեռ, կարծես ոչ այնքան Երեւանին է «խորհուրդներ տալիս» եւ «ճիշտ հարաբերություններ կառուցելու» կոչ կամ հորդոր հղում, որքան Բաքվին է զգուշացնում, որ Հայաստանի հետ ռազմական գաղտնիքներ չկիսի, մնա Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերությունների տիրույթում:
Ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանի սպառազինությունները փաստացի Մոսկվայինն են կամ Մոսկվայի իմացությամբ են դրանք անցել Բաքվին: Իր զինանոցում ի՞նչ ունի Ալիեւը, որի բացահայտումը կամ դրա մասին «գաղտնիքի կիսումը» Ռուսաստանի համար ցանկալի չէ: Կրեմլի պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ Ռուսաստանի սահմանների մոտ պատերազմ Արեւմուտքն է հրահրում, Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ բացելու» վտանգ կա: Նոր պատերազմը կանխելու, սպառնալիքը նվազագույնի հասցնելու, ռիսկերը կառավարելու առաջին հնարավորությունը տարածաշրջանի երկրների սպառազինությունների վերահսկումն է, վերահսկելիության մեխանիզմների համաձայնեցումը:
Ռուսաստանցի նախկին սենատորը, կարծես, բացահայտում է, որ Մոսկվան, ընդհակառակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինությունների մրցավազք խթանելու քաղաքականություն է վարում, բայց պայմանով, որ Հայաստանը «պետք է հենվի միայն Ռուսաստանի վրա»: Հակառակ դեպքում Մոսկվան «շղթայից բաց կթողնի» Ալիեւին, իսկ ԱՄՆ-ը «կդավաճանի Հայաստանին, ինչպես աշխարհով մեկ լքում է դաշնակիցներին, երբ իր աշխարհաքաղաքական շահը դա է պահանջում»: Իսկ ի՞նչ է պահանջում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահը: Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական մշտապես մխացող հակամարտությու՞ն:









































