Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը մասնակցում է այս օրերին շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա հեղինակավոր ֆորումի աշխատանքին, ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպել է ՄԱԿ փախստականների հարցերի բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Ըստ նույն հաղորդագրության, «Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը»:
ՄԱԿ հանձնակատարի առանձնահատուկ կերպով հետաքրքրվելը անշուշտ ողջունելի է, բայց նաեւ առաջացնում է հարցեր, որովհետեւ թողնում է տպավորություն, որ Ֆիլիպպո Գրանդին կարծես թե առաջին անգամ է տեղեկատվություն ստանում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ: Այլապես, Ֆիլիպպո Գրանդին ենթադրաբար պետք է հետաքրքրվեր որեւէ գործի ընթացքով, իրավիճակի փոփոխությամբ եւ այլն, իսկ Հայաստանի նախագահն էլ պետք է մանրամասն ներկայացներ ոչ թե կարճ ժամանակում մանրամասն կատարված աշխատանքը՝ թե ընթացիկ, թե համալիր լուծումների առումով, այլ ՄԱԿ հանձնակատարի գրասենյակի հետ աշխատանքային ընթացքի վիճակն ու հետագա անելիքները:
Այդպիսով, ստացված տպավորությունն այն է, որ Հայաստանը մինչ այժմ առնվազն բավարար ծավալի աշխատանք չի կատարել փախստականների հարցերի բարձր հանձնակատարի գրասենյակի հետ: Համենայն դեպս, պետք է թերեւս ներկայացնել հանրային տեղեկատվություն, թե մինչ այժմ՝ սեպտեմբերի վերջից սկսած, երբ ավելի քան 100 հազար մեր հայրենակից ստիպված էր լքել Արցախը, Հայաստանի հանրապետությունն ի՞նչ բնույթի եւ բովանդակության աշխատանք է կատարել ՄԱԿ փախստականների հարցերի գլխավոր հանձննակատարի ինստիտուտի հետ, իսկ, եթե այդ աշխատանքը չի կատարվել, ապա՝ ինչու՞: Հայաստանի կառավարությունը պարբերաբար «հպարտանում» է, թե միջազգային գործընկերները նույնիսկ զարմանում են, որ Հայաստանը կարճ ժամանակում ընդունել է ավելի քան հարյուր հազար փախստական եւ կարողացել տեղավորել առանց հատուկ ճամբարների ստեղծման:
Նախ, իրական պատկերը մեղմ ասած բոլորովին հեռու է ներկայացվողից, քանի որ բազմաթիվ անձինք զրկված են տարրական կենսապայմաններից, ունեն բազմաթիվ կարիքներ, որոնց մի զգալի մասը լուծվում է սոցցանցային ակտիվի միջոցով: Եվ երկրորդ, հարցը ոչ միայն «ընդունել-տեղավորելու» հարց է, ինչը՝ կրկնեմ, անգամ այդ մակարդակում այսօր հագեցած է բազմաթիվ լուրջ խնդիրներով, այլ նաեւ քաղաքական հարց, ըննդհուպ՝ աշխարհաքաղաքական հարց: Միջազգային կառույցների հետ առարկայական աշխատանքը կարեւոր նշանակություն ունի թե մարդասիրական, թե հարցի հենց քաղաքակկան տեսանկյունից, որն ուղիղ առնչություն ունի բռնատեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար:









































