Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է «Հարավային հոսքը», Սև ծովի հատակով կառուցելու փոխարեն, անցկացնել Ուկրաինայի հարավային ցամաքային տարածքով:
«Մենք առաջարկում ենք «Հարավային հոսքի» կառուցման ճկուն մոտեցում: «Հարավային հոսքը» պետք է անցնի Ուկրաինայի հարավով, ցամաքով»,- ասել է Յանուկովիչը Յալթայում ընթացող միջազգային ֆորումի ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Յանուկովիչն ասել է, որ «Հարավային հոսքի» կառուցումը գնահատվում է 25 մլրդ եվրո, սակայն այն, ինչ առաջարկում է ուկրաինական կողմը, նրա արժեքը կնվազեցնի 5 անգամ:
Յանուկովիչի այս հայտարարությունը պատահական չի արված, քանի որ թե՛ «Հարավային հոսք» և թե՛ «Հյուսիսային հոսք» գազամուղները նպատակ ունեն շրջանցել Ուկրաինայի տարածքը տարանցման հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար:
Այս պահին զարգանում է ռուս-ուկրաինական հերթական գազային ճգնաժամը: