ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան «ցեղասպանություն» է որակել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքների մաս կազմող թունելները ջրամույն անելու Իսրայելի որոշումը: Իր տեսակետը նա հիմնավորել է ցեղասպանության կանխարգելման մասին Կոնվենցիայի այն դրույթով, որ ցեղասպանություն է նաեւ էթնիկ խմբի համար բնակության պայմանների ոչնչացումը: Նա համարում է, որ Իսրայելը ձգտում է Գազան դարձնել բնակության համար ոչ պիտանի տարածք:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանից ապացույցներ է պահանջել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ է իրականացրել: Ինչու՞ պիտի Հայաստանը ապացույցներ ներկայացնի, ոչ թե՝ էթնիկ զտումների ենթարկված արցախահայությունը՝ ի դեմս իր ընտրյալ ներկայացուցիչների՝ պարզ է. Զախարովան ժամանակին է ասել, որ Արցախի նախագահի անունով անձի չի ճանաչում: Վերադառնանք Նեբեզնյայի ձեւակերպմանը կամ, ավելի ճիշտ՝ ցեղասպանության կանխարգելման Կոնվենցիայից նրա մեջբերմանը:
Եւ, ուրեմն, ցեղասպանություն է այն պետության քաղաքականությունը, որն ուղղված է էթնիկ կամ կրոնական, կամ ռասսայական որեւէ խմբի համար անտանելի կենսապայմանների ստեղծմանը, ինչի հետեւանք կարող է լինել այդ խմբի կամ ֆիզիկական ոչնչացումը, կամ հարկադրական արտագաղթը: 2022թ. մարտից մինչեւ 2023թ. սեպտեմբեր Ադրբեջանը հենց այդ պետական քաղաքականությունն էլ իրականացրել է՝ սկսելով գազի եւ էլեկտրականության մատակարարման խափանումներից, ապա՝ վերջնական անջատումից:
2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը, հաջորդ տարվա հունիսին՝ ենթարկել լիակատար պաշարման՝ արգելափակելով սննդամթերքի, դեղորայքի, հիգիենիկ պարագաների ներկրումը: Այլ ապրանքների մասին չենք խոսում: Առանց շինանյութերի կամ կենցաղային տեխնիկայի ու գրենական պիտույքների կարելի է ապրել, առանց հացի՝ ոչ: Ադրբեջանը ստեղծե՞լ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար բնականոն կյանքի ստանդարտներին անհամատեղելի պայմաններ: Անշուշտ եւ անառարկելիորեն: Եւ դա արձանագրված է Հաագայի դատարանի վճռով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարություններով:
Նույնիսկ եթե ընդունենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ոչ մի բռնություն «չի գործադրել»՝ ինչպես Զախարովան է կրկնում Իլհամ Ալիեւին, այլ միայն իր «ինքնիշխանությունն է վերահաստատել»՝ միեւնույն է. Բաքուն Ստեփանակերտ է մտել ոչ թե սննդամթերքի, դեղորայքի, հիգիենիկ պարագաների բեռնաշարասյուներով, այլ՝ զրահատեխնիկայով եւ ուժային կառույցների մոբիլ խմբերով եւ խաղաղ բնակչությանը իրենց տներում հանգիստ մնալու պաշտոնական-հրապարակային ուղերձ չի հղել:
Չկա, չեք գտնի ադրբեջանցի որեւէ պաշտոնյայի տեսագրված-տարածված ուղերձ, կոչ, բնակչությանը հասցեագրած թռուցիկ, ցուցապաստառ: Որպես կանոն՝ նույնիսկ սուվերեն պետության մայրաքաղաք մտած օկուպացիոն զորքի հրամանատարության առաջին գործը դա է՝ հաստատել կարգուկանոն, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, հոգալ նրա սոցիալական առաջնահերթ կարիքները: Նման որեւէ գործողություն ոչ Ադրբեջանն է կատարել, ոչ ռուսական զորախմբի հրամանատարությունը: Այսինքն, Ադրբեջանը հետեւողականորեն կյանքի համար անտանելի պայմաններ է ստեղծել, այնուհետեւ դիմել բիրտ ուժի կիրառման, որպեսզի Արցախի խաղաղ բնակչությունը լքի իր տունը, հողը, հայրենիքը:
Էլ ի՞նչ ապացույց է պետք, Մարիա Զախարովա:









































