Reuters-ը, վկայակոչելով «Իսլամական պետության» հայտարարությունը, տեղեկացնում է, որ այդ կառույցն ստանձնել է Քերմանում պայթյունների պատասխանատվությունը: Ի՞նչ նպատակ է հետապնդել ահաբեկչությունը, որ մոտ հարյուր մարդու մահվան պատճառ է հանդիսացել՝ մանրամասնություններ հայտնի չեն: Տպավորություն է, որ շահագրգիռ կողմերն սպասում էին նման հայտարարության, քանի որ այն փաստացի հանում է լարվածությունը կամ ստեղծում հնարավորություն, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի: Մանավանդ որ Իրանի հոգեւոր առաջնորդը մինչ այդ երկրի զինվորականությանը կոչ էր արել սառնասրտություն ցուցաբերել: Դա ակնհայտ ազդակ էր, որ Իրանը հակված չէ առճակատման ոչ Իսրայելի, ոչ հատկապես Միացյալ Նահանգների հետ:
Ահաբեկչության համար «Իսլամական պետությունը» պատասխանատվություն ստանձնելու հայտարարություն արեց, ավելի ճիշտ՝ Reusters-ն այդ մասին տեղեկացրեց հունվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի Անկարա այցի մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի անունից տարածված հաղորդագրությունից կարճ ժամանակ անց: Որքանո՞վ է այդ տեղեկությունը հավաստի՝ դժվար է ասել: Բլինքենի մերձավորարեւելյան շրջայիցի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր պետական դեպարտամենտը, բայց այնտեղ նշված էր, որ նա կմեկնի Իսրայել, ապա՝ Հորդանան, Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Արաբական միացյալ էմիրություններ: Քերմանում ահաբեկչության պատճառով Իրանի նախագահը հետաձգել է Թուրքիա այցը, եւ հայտնի չէ, թե երբ այն կկայանա:
Կարեւոր է դիտարկել ահաբեկչության, այսպես ասած՝ լոկացիան: Անցած տարեվերջին Իրանի նախագահ Ռայիսին այցելել էր Շիրազ եւ մասնակցել Ռեշտ-Շիրազ ավտոմայրուղու բացման արարողությանը: Քերմանը նույն տեղաշրջանում է, որտեղով պետք է անցնի Ռուսաստանը Պարսից ծոցին եւ Հնդկական օվկիանոսին կապող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը: Քերմանի ահաբեկչության հաջորդ օրը իրանցի քաղաքագետ Ռզա Թալեբին, երբ դեռ «Իսլամական պետության» հայտարարության մասին տեղեկություն չէր տարածվել, Բաքվի haqqin.az-ին հարցազրույցում ասել է, որ «կատարվածը նման է Իսլամական պետության ձեռագրին»: Նրա կարծիքով՝ Իրանի հարավ-արեւմտյան Շիրազ, Քերման, Խուժիստան, Սիստան եւ Բելուջիստան նահանգներում ,,գործում են սուննի մահմեդականների ծայրահեղական խմբավորումներ, որ կապ ունեն «Թալիբանի» հետ»:
Իրանում խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Երկրի հյուսիսում էթնիկ ադրբեջանցիների, հարավում՝ արաբների, աֆղանական համայնքի եւ Բելուջիստանի, որտեղ անջատողական տրամադրություններ միշտ են եղել, խնդիրներ կան: Իսլամական ինքնությունը, որ շահական ռեժիմի տապալումից հետո ներդրվել է որպես պետականաստեղծ գործոն, ենթարկվում է փորձության, բայց կոնկրետ այս իրավիճակում ուշադրություն է գրավում Բաքվի խոսույթի ընդգծված փոփոխությունը: Արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հաջիեւը գերմանական լրատվամիջոցին հարցազրույցում ասել է, որ Իրանի տարածքով Նախիջեւանի հետ հաղորդակցության նախագիծը չի նշանակում, թե Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ցամաքային կապի սռտեղծումն այլեւս ակտուալ չէ:
Ավելի ուշագրավ է Բաքվի մամուլի հրապարակումներից մեկի հարցադրումը, թե ինչպե՞ս կարող է Ադրբեջանը հակադրվել Չինաստանից մինչեւ Եվրոպա իշխող տեսակետին, որը բեռնափոխադրումների ամենակարճ եւ հարմար երթուղին տեսնում է Իրանի շրջանցմամբ՝ Հայաստանի տարածքով: Քերմանի ահաբեկչությունը, հավանաբար, ազդակ է նաեւ Հնդկաստանին: Հաղորդակցությունների լոգիստիկայի հարցում ամենակարեւորը անվտանգության բաղադրիչն է: Եթե Իրանի հարավային նահանգներում «Իսլամական պետությունը» կամ աֆղանական «Թալիբանը» եւ տեղի սուննի ծայրահեղականները նման ծավալի ահաբեկչություն են կազմակերպում եւ իրականացնում, ապա ի՞նչ երաշխիք, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը պարբերաբար հարձակումների չի ենթարկվի:
Ըստ երեւույթին, Կարմիր ծովում Եմենի հուսիների կողմից առեւտրային նավերի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության կամ տեցեկացվածության մասին հայտարարությունները եւ հնչեցված նախազգուշացումները եւս ազդեցություն են թողել: Պետք է սպասել, որ Իրանի խորհրդարանական ընտրությունները շատ բարդ են անցնելու եւ կորղ են ուղեկցվել զանգվածային ակցիաներով եւ նոր ահաբեկչություններով: Ադրբեջանը փաստացի մերժել է Հայաստանի հետ բանակցություններին Իրանի ներգրավվածությունը: Ալիեւի օգնականը գերմանական մամուլին ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա Երեւանը եւ Բաքուն աշխատում են առանց միջնորդի:







































