Ճապոնիայի Նոտոյի թերակղզում տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ Փրկարարները փլատակներում շարունակում են որոնողական աշխատանքները՝ փորձելով հնարավորինս շուտ գտնել մարդկանց՝ նախքան կանխատեսված ցրտի և հորդառատ անձրևների սկսվելը։
Japan Today պարբերականը հաղորդում է, որ փլատակներում դեռ տասնյակ մարդիկ կան։ Ըստ մասնագետների՝ մարդկանց փլատակներից հանելու համար առանցքային է առաջին 72 ժամը, որից հետո ողջ մնալու հույսերը գնալով նվազում են։
«Ավելի քան 40 ժամ է անցել։ Սա մրցավազք է ժամանակի դեմ, և կարծում եմ, մենք վճռական պահի ենք հասել։ Մենք հաղորդումներ ենք ստացել, որ փլուզված շենքերի տակ շատերը դեռ սպասում են փրկության», – լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։









































