«Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային նկրտումներից», Եվրանյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը: հարցազրույցը տեսագրվել է նոյեմբերին՝ դատելով Ալիեւի որոշ այլ արտահայտություններից: Այսինքն, հարցազրույցը տեսագրվել է մինչեւ «համատեղ հայտարարությունը»: Բայց, թերեւս կասկած չկա, որ դրա տեսագրման ընթացքում հայտարարությունը եւ դրա բաղադրիչները եղել են քննարկման գործընթացում:
Ավելին, այդ հայտարարությունից հետո թերեւս կարող էր չլինել հարցազրույցը, որտեղ ակնհայտորեն հնչում է սպառնալիք: Այլ կերպ դժվար է մեկնաբանել այն, ինչ ասում է Ադրբեջանի նախագահը՝ «եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի, շատ վատ կլինի ամբողջ ռեգիոնի համար»: Սա շանտաժ է, որովհետեւ ռեգիոնում պատերազմի լեզվով խոսել եւ խոսում է միայն Ադրբեջանը, հետեւաբար, եթե Ադրբեջանը չի ուզում պատերազմ, ապա անկախ խաղաղության պայմանագրի գոյությունից՝ այդ պատերազմը չի լինի: Իսկ, եթե Ադրբեջանը ուզում է պատերազմ, ապա խաղաղության հնարավոր կամ տեսական պայմանագիրը ոչ թե կկանխի, այլ կմոտեցնի նոր պատերազմը: Իսկ, եթե Ադրբեջանը լինելու է որեւէ պատերազմի «կայծքար»՝ գործիք, ապա այդ դեպքում էլ որեւէ նշանակություն չունի պայմանագրի լինել-չլինելը:
Դա ցույց է տալիս միջազգային հարաբերությունների պատմությունը, ընդ որում թարմ պատմությունը: Համատեղ հայտարարության այսպես ասած «տառից ու ոգուց» հետո, Ալիեւի հարցազրույցը կարող էր եւ չհեռարձակվել, շանտաժը չհնչեցնելու համար, բայց այն հնչում է, վկայելով, որ համատեղ հայտարարությունն առնվազն Ադրբեջանի մասով ընդամենը տակտիկական խաղի մաս է, ոչ ավելի: Դրա մասին է վկայում եւ այն, որ Հայաստանի տարածքային ամբողջության ճանաչման վերաբերյալ բարձր մակարդակի հստակ հայտարարություն ու արձանագրում անելուց խուսափող Ադրբեջանը խոսում է այն մասին, թե Հայաստանից «ակնկալում» է, որ «երբեք կասկածի տակ չդնի Ադրբեջանի տարածքային ամբողջությունը եւ լիովին հրաժարվի տարածքային նկրտումներից»: Սա գործնականում նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանին փորձում է պարտադրել ոչ միայն անվտանգային արտաքին միջավայր ըստ իր հայեցողության, այլ նաեւ ներքաղաքական միջավայր եւ իրողություններ եւ խաղաղության պայմանագրով հասնել մի իրավիճակի, երբ Հայաստանի հանրապետության ռեգիոնալ գոյությունը ըստ էության լինի Ադրբեջանի «մեկնաբանության ենթակա»:










































