Միլլի մեջլիսի պատգամավոր Հասանգուլիեւը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ռազմագերիների փոխանակումը» համարել է «միայն ողջունելի» եւ ավելացրել. «Բայց սահմանադրության համաձայն խաղաղության պայմանագրի կնքումը պահանջում է խորհրդարանի համաձայնությունը»: Նա առաջարկել է ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ լսումներ կազմակերպել, որոնց արդյունքներով Միլլի մեջլիսը նախագահին կլիազորի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Պատգամավորը հղում է արել սահմանադրության հոդված 109-ին, որի իմաստով պատերազմ հայտարարում եւ խաղաղություն հաստատում է Միլլի մեջլիսը:
Իշխող կուսակցությունից պատգամավոր Նովրուզովը հակադարձել է, որ Միլլի մեջլիսը վավերացնում է միջազգային պայմանագիրը, բայց չի կարող նախագահին զրկել բանակցություններ վարելու լիազորությունից: Նա ասել է, որ բանակցությունների արդյունքները նախապես չեն կարող հայտնի լինել, դրանց համար պատասխանատու են պետական կառույցները: Հայ-ադրբեջանական բանակցությունների թեման խորհրդարանական քննարկումների տիրույթ է բերվում մի համատեքստում, երբ Իլհամ Ալիեւը կրկին անդրադարձել է «բոլշեւիկների կողմից Զանգեզուրը Հայաստանին հանձնելուն»: Ադրբեջանը 1918-20 թվականների դեմոկրատական հանրապետության իրավահաջորդն է, վերջինս ինքնահռչակվել է նախկին ցարական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների սահմաններում:
Ալիեւը երբեք հրապարակային չի հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանազատման հիմք է ճանաչում ԱՊՀ կազմավորման Ալմաթիի հռչակագիրը: Ավելին, նա մի քանի անգամ ակնարկներ է արել 20-րդ դարասկզբի «քարտեզների» մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով այն, ինչ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը համարել է «իր տարածքները»: Այդ քարտեզները միջազգային լեգիտիմություն չունեն եւ չեն ճաչանվել նաեւ Հայաստանի առաջին հանրապետության կողմից: Բայց առկա իրավիճակում Ալիեւը կարող է գործի դնել իր նկատմամբ խորհրդարանական «վերահսկողության» հանգամանքը եւ այն օգտագործել բանակցությունները տապալելու կամ անգամ ստորագրված պայմանագիրը չվավերացնելու նպատակով:
Հայաստանի հետ մարդասիրական համաձայնության համատեքստում Միլլի մեջլիսի այսօրվա նիստին հնչած կարծիքները պետք է գնահատել խորքային առումով: Քառասունչորսօրյա պատերազմը հետապնդել է Հայաստանի հարավն օպուպացնելու, Նախիջեւանի հետ ֆիզիկական միավորման հասնելու նպատակ: «Զանգեզուրի միջանցքի» ալիեւյան նարատիվն ընդամենը տարածքային հավակնությունները նրբաքողարկելու համար է: Միջազգային հակազդեցության դիմաց Ալիեւն այսօր խոսում է միայն Նախիջեւանի հետ երկաթուղային «մեղմ վերահսկվող հաղորդակցության» մասին:
Ալիեւը հատուկ ընդգծում է, որ «բոլշեւիկներն են Զանգեզուրը նվիրել» Հայաստանին: Դա անթաքույց հղում է, որ նարատիվը նաեւ մոսկովյան օժանդակություն կարող է ունենալ: Քիուեսթյան բանակցություններին ընդառաջ ԼՂ կարգավորման խորհրդարանական քննարկում Հեյդար Ալիեւն է կազմակերպել: Հետեւանքը գրեթե համաձայնեցված փաստաթղթի ստորագրումից հրաժարվելն էր: Իլհամ Ալիեւը նույն ձեռագի՞րն է կիրառում:








































