Սիրիայի արևելքում՝ Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմակայանը, ըստ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ-ից, հեռուստաալիքը նշել է, որ ռազմական օբյեկտի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը․ դրա կազմի մեջ են մտնում շիա զինված ջոկատների մարտիկները, որոնք կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ։
Նոյեմբերի 30-ին ամերիկյան այս ռազմակայան են տեղափոխվել զինվորական օժանդակ ուժեր և մարտական տեխնիկա հարևան Իրաքից։ 2015 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն ինը ռազմակայան է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Դրանցից խոշորագույնը գտնվում է Թել Բեյդարում՝ Հասաքա վարչական կենտրոնից հյուսիս։
Telegram-ալիքում տարածված հայտարարության մեջ շիա կազմավորումներն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ «կավելացնեն գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, եթե ամերիկյան հակառակորդը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել իսրայելական բանակին, որն սպանում է խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և հարավային Լիբանանում»։










































