Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակի հանդիպում անցկացնելու առաջարկից: Բաքուն իր հրաժարումը պատճառաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանի ելույթից հետո, որ նա ունեցել էր Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումների ժամանակ: Բաքուն դրանք դիտարկում է կողմնակալ: Այդպիսով, նախ պարզ է դառնում՝ Բաքվի հրաժարումից, որ եղել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպելու առաջարկ: Երեւանն է՞լ է ստացած եղել այդ առաջարկը, թե՞ Վաշինգտոնը նախ փորձել է հասկանալ Բաքվի մոտեցումը, եւ ըստ այդմ մոտենալ Երեւանին: Համենայն դեպս Հայաստանը մինչ այժմ չի խոսել այդպիսի առաջարկ ունենալու մասին:
Փաստորեն, Ադրբեջանը հրաժարվել է մեկնել Բրյուսել, իսկ հիմա՝ Վաշինգտոն: Եվրահանձնակատար Բորելը հայտարարել է, թե Եվրամիությունը շարունակում է Բրյուսելում հանդիպում անցկացնելու ջանքը: Վաշինգտոնն ինչ կանի, դեռ պարզ չէ: Բայց հարց է առաջանում, թե՝ միթե՞ պետքարտուղարի տեղակալ Օբրայանին պարզ չէր, որ իր հայտարարությունները կարող են վնասել նոյեմբերի 20-ի հանդիպման գաղափարն առաջ մղելուն: Դա ամերիկացի դիվանագետի վրիպու՞մ էր, թե՞ ներկայումս ամերիկյան քաղաքականության համատեքստում վարչակազմի համար նախապատվելի դառնում են ներքաղաքական, ասել է թե նախընտրական հարցերը, հաշվի առնելով, որ նախագահի 2024 թվականի ընտրության գործընթացը մտել է եզրափակիչ տարի, իսկ Նահանգների համար գործընթացը ըստ էության ներառում է հենց այդ ժամանակահատվածը:
Իսկ այդ առումով, Վաշինգտոնի համար առավել կարեւոր է օրինակ հայազգի ընտրողների դիրքորոշումը, առավել եւս այն նահանգներում, որտեղ նրանք կազմում են շատ, թե քիչ շոշափելի թիվ: Եվ հատկապես, որ նախագահ Բայդենի դեմոկրատական վարչակազմը ներկայումս ունի բավականին խնդրահարույց վարկանիշ: Ինչ խոսք, եթե օրինակ վարչակազմին հաջողվեր հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման, ապա դա կարող էր կապիտալիզացվել նաեւ ներքին դաշտում՝ որպես արտաքին քաղաքական դիվանագիտական հաջողություն, հատկապես, որ Բայդենի վարչակազմը այդ առումով կարծես թե չունի առանձնապես մեծ ձեռքբերումներ: Սակայն, խաղաղության պայմանագրի հարցը բավականին բարդ է մի շարք պատճառներով:
Եթե համառոտ, ապա բավականին շատ են, բազմաբեվեռ է Կովկասի իրադրության աշխարհաքաղաքական շահառուների շրջանակը՝ թե մոտ, թե համեմատաբար հեռու: Եվ բավականին բարդ է իրավիճակն աշխարհում ընդհանրապես: Եթե որեւէ մեկն ուզում է իր հովանու ներքո հասնել խաղաղության, ապա այդ հանգամանքը բախվում է աշխարհաքաղաքական մրցակիցների դիմադրությանը: Այստեղ կան մի շարք նրբերանգներ եւ բարդություններ, ըստ այդմ բացառված չէ, որ Միացյալ Նահանգներն առավել նախընտրելի դիտի խաղաղության գործընթացի համար իր պատասխանատվության աստիճանի նվազեցումը, սակայն այնպես, որ դա չհարվածի ԱՄՆ հայ ընտրողների մոտ վարչակազմի հեղինակությանը: Այլապես, ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը կանգնում է մի իրողության առաջ, երբ Բաքվի դեմարշը «մարսելու» դեպքում, կարող է ստանալ հարված հեղինակությանը: Հետեւաբար, կամ պետք է լուծել այդ դեմարշի հարցը եւ «բերման ենթարկել» Բայրամովին Վաշինգտոն, թեկուզ ավելի ուշ ժամկետում, կամ կստացվի, որ Նահանգները ի զորու չեն Ադրբեջան նկատմամբ: Այստեղ էլ կմնա պարզապես հռետորաբանության մակարդակում սիրաշահել ամերիկահայությանը, որովհետեւ, կրկնեմ՝ վարկաիշային խնդիրների պարագայում շատ կարեւոր է դառնում յուրաքանչյուր ընտրողի ձայն:










































