Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը: Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդության կարեւորությունը, նրա մշտական շփումը կողմերի առաջնորդների հետ՝ բանակցությունները շարունակելու եւ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Քննարկումների քաղաքական արդյունքները հնչեցրել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնակատար Բորելը: Եվրամիությունը մտադիր է ընդլայնել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելությունը, աջակցել Հայաստանին:
Բորելը նախազգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ որեւէ ոտնձգություն «լրջագույն հետեւանքներ կունենա »: Բաքվի պաշտոնական քարոզչությունը շարունակում է տպավորություն թողնել, թե «ամեն ինչ սոսկ խոսքեր են, Ադրբեջանն ինքն է որոշում արտաքին եւ ռազմական քաղաքականության ուղղությունները, եւ ոչ ոք չի կարող հակառակը պարտադրել»: Երեւում է, սակայն, որ ալիեւյան իշխանությունը մտահոգված է: «Թուրան» գործակալությունը հիշեցրել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության 2007թ. հայեցակարգը որպես առաջնահերթություն սահմանել է եվրաատլանտյան ինտերգրացիան, սակայն անցած տասնվեց տարիներին ԵՄ հետ համապարփակ համագործակցության պայմանագիր այսպես էլ չի ստորագրվել՝ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի:
Իշխող քաղաքական ուժից խորհրդարանի պատգամավոր Բաբաօղլուն Ալիեւի «հավասարակշռված քաղաքականությունը» համարում է արդարացված եւ ընդգծում է Եվրամիության առանձին պետությունների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհից հաջողվել է հասնել մի քանի նպատակների իրականացման: Տրամագծորեն հակառակ տեսակետ ունի Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին, որ առանձնացնում է ռուս-ադրբեջանական դաշինքը եւ «Ղարաբաղի հարցում համատեղ ջանքերը»: Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ հատկապես սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը, Արցախում էթնիկ զտումները ռուս-ադրբեջանական համատեղ ջանքերի հետեւանք են, իսկ Եվրամիության հետ ներկայիս բարդ հարաբերությունների հիմնական պատճառը դա է:
Փաստացի Ռուսաստանի հետ համատեղ «լուծելով» Լեռնային Ղարաբաղի հարցը, Իլհամ Ալիեւը գիտակցում է Եվրամիության հետ երկխոսության անխուսափելիությունը, բայց, ինչպես Գասիմլին է ձեւակերպել՝ «այստեղ էական է ռուս-ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը»: Պետք է հասկանալ, որ Իլհամ Ալիեւը սպասում է ռուս-ուկրաինական պատերազմի ելքին: Դա նրա դիրքորոշումն է, իսկ Ռուսաստա՞նը: Չէ՞ որ Մոսկվան Բաքվի հետ ԼՂ հարցում ջանքերը համատեղել է ոչ թե Իլհամ Ալիեւի «գեղեցիկ աչքերի» համար, այլ՝ իր աշխարհաքաղաքական նպատակների: Ալիեւին կհաջողվի՞ հաղթահարել ահռելի կախվածությունը: Աղդամում ռուս- թուրքական համատեղ կենտրոնի թուրք զինվորականների ներկայությունը մեկ տարով երկարաձգվել է: Դա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում կմնա առնվազն եւս մեկ տարի: 2024թ. մարտի 17-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, հաջորդ տարի լրանում է Իլհամ Ալիեւի պաշտոնավարման ժամկետը: Զարգացումները չեն սպասում, իրադարձությունները շարունակում են եռալ…








































