Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ նույնականացման քարտերի, հանրային ծառայությունների, ՀՀ քաղաքացու անձնագրի, ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին և այլ օրենքներում:
Օրինակ, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ -ում ներդնել կենսաչափական տվյալներով համակարգ: Օսիկյանի խոսքերով` այս համակարգի ներդրմամբ Եվրոպական Միությունում ՀՀ քաղաքացիների մուտքն ու ելքն ավելի մատչելի կդառնա, անձնագրերի կեղծումը կբացառվի, բացի այդ` հնարավորություն կընձեռվի` կանխել հանցագործություն կատարած մարդու փախուստը:
Կենսաչափական քարտերը ծառայելու են Հայաստանի սահմաններից դուրս գալու, իսկ նույնականացման քարտերը` ներքին սպառման համար:
Նույնականացման քարտի արժեքը կլինի 3-4 հազար դրամ, իսկ կենսաչափականինը` 50-60 եվրո: Եվ, քանի որ կենսաչափական անձնագրերը թանկ են, ապա հին անձնագրերը դեռ որոշ ժամանակ ուժի մեջ կմնան: Ի դեպ, կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ կդրվեն 2012-ից:
ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց այն մասին, թե ինչպես են պատկերացնում, որ մարդ երկու անձնագիր ունենա և երկուսն էլ չօգտագործի ընտրությունների ժամանակ: Օսիկյանը բացառեց դա, և ասաց, որ, եթե նման դեպքեր լինեն, օրենքով կպատժվեն:
Իսկ սոցիալական քարտերը դառնալու են հանրային համարանիշ:









































