-Երբ նայում ես արյունաշաղախ, սպանված երեխաներին, տեսնում՝ ինչպես են տառապում կանայք եւ ծերունիները, բժիշկներն ինչպես են զոհվում, իհարկե, բռունցքներդ սեղմվում են,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ նկատի ունենալով Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններից տարածվող լուսանկարները եւ տեսանյութերը: Ինչու՞ նրա բռունցքները չէին սեղմվում, արցունքները չէին լճանում, երբ տարածվում էին Արցախում շրջափակման հետեւանքով սովից մահացած մարտակերտցի եւ սեպտեմբերի 19-ին ադրբեջանցի ահաբեկիչների կողմից Ասկերանում սպանված մանկահասակ երեխաների լուսանկարները:
Բայց ավելի կարեւոր է, այդ թվում եւ Արցախի ողբերգությունը հասկանալու առումով, հետեւել, թե ինչպես է Միացյալ Նահանգների հասցեին Ռուսաստանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին արձագանքել թուրքական հանրային կարծիքը:
Ամբողջական, ամփոփ պատկերի մասին, իհարկե, խոսք լինել չի կարող, բայց Haber7 կայքի ընթերցողների մի քանի նկատառումներ, թվում է, բացառապես անձնական չեն: Իսկ այնտեղ հանդիպում ենք այսպիսի գնահատականի. «Պուտինն արժե հիսուն Սալման, հազար աս-Սիսի, Հորդանանի տասը հազար թագավոր: Եթե Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը միանան, ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելիքից կչքվի»:
Մեկ այլ թուրք օգտատեր հույս ունի, որ Ռուսաստանը կխզի Իսրայելի հետ կապերը, ձեռք կբերի նոր դաշնակիցներ եւ Մերձավոր Արեւելքում կբարձրացնի իր հեղինակությունը: «Կեցցե Պուտինը, նա անում է այն, ինչ չեն կարողանում մուսուլմանները»- կարծիք է հայտնում երրորդ ընթերցողը, իսկ առնվազն որոշակի խավերի տրամադրվածությունը չորրորդ օգտատերն ամփոփում է այսպես. «Այդ տեմպով նա մուսուլմանների փոխարեն սրբազան պատերազմ կսկսի»:
Ստամբուլի օդանավակայանում հանրահավաքի ելույթում Թուրքիայի նախագահը հավաքական Արեւմուտքին մեղադրել է խաչի եւ մահիկի պատերազմ հրահրելու նպատակադրվածության մեջ եւ հասկացրել, որ պատրաստ է մարտահրավերն ընդունել եւ առաջնորդել իսլամական աշխարհը:
Ռուսաստանի նախագահը Մախաչկալայի զանգվածային անկարգությունները գնահատել է արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից դավագրգռված սադրանք, որի նպատակը անկայունություն սերմանելը եւ «արյունոտ ռենտա քաղելն» է: Նրա ներկայացմամբ՝ դաղստանցիներին հոգեբանական մշակման են ենթարկել սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Ուկրաինայից ուղղորդվող թելեգրամ-ալիքների քարոզչությամբ: Թե ինչպես է ուղղափառ քրիստոնյա Ուկրաինան ծայրահեղականություն եւ հակասեմականություն ներշնչել Դաղստանի սուննի մահմեդականներին՝ երեւի Ռուսաստանի հատուկ ծառայությունների չափազանց թանկ արժեցող գաղտնիքն է: Մանավանդ որ նրանք որոնում էին ոչ թե իսրայելցիների, այլ Դաղստանում բնակվող թաթերի, որ հուդայականություն դավանող իրանական ծագման էթնիկ փոքրամասնություն են նաեւ Ադրբեջանի Ղուբայի շրջանում:
Արցախում ահաբեկչական պատերազմը, էթնիկ զտումները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լայնածավալ սրացումը եւ Ուկրաինայում Ռուսաստանի հակահարձակումը ժամանակագրական առումով հաջորդում են Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններին: Ամերիկյան մամուլն արդեն իսկ ահազանգ է հնչեցնում, որ ԱՄՆ-ը հազիվ թե ի զորու է կրել երկու՝ ռուս-ուկրաինական եւ իսրայելա-պաղեստինյան պատերազմում դաշնակիցներին՝ Ուկրաինային եւ Իսրայելին շարունակական աջակցություն ցուցաբերելու ծանրությունը: Մեկնաբանություններից մեկում հստակ ընդգծված է, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմի գլխավոր շահառուն Ռուսաստանն է, քանի որ ամերիկյան օգնության սահմանափակման պարագայում Ուկրաինան կբախվի լրջագույն դժվարությունների:
Ըստ ամենայնի, շահառու է նաեւ Թուրքիան: Առնվազն այն առումով, որ կարեւորվում է նրա տարածաշրջանային դերը: Իսկ դա քաղաքական ռեսուրս է: Ի՞նչ կստացվի արդյունքում: Ռուս-թուրքական աշխարհաքաղաքական դաշի՞նք, թե՞ ՆԱՏՕ-ում Թուրքիայի կարեւորության ճանաչում: Երկու դեպքում էլ Թուրքիան կշահի: Իսկ Ռուսաստա՞նը: Բայց ռուսաստանյան վերնախավում, կարծես, նման հարցադրում չի արվում: Գլխավորը, ինչպես Նիկիտա Խրուշչեւն էր ասում՝ показать им кузкиу мать: Թե ի՞նչ կհետեւի, նման դեպքի համար էլ ռուսները հատնի խոսք ունեն. а там видно будет:









































