Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական կազմակերպություն է, այլ՝ Պաղեստին պետության քաղաքական համակարգի կուսակցություն: «Իհարկե, դա չի նշանակում, թե Թուրքիան արդարացնում է խաղաղ մարդկանց սպանությունը»- ավելացրել է նաեւ եւ ընդգծել, որ եթե Իսրայելը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է ճանաչի իրենց հողերում, իրենց պետության մեջ ազատ ապրելու՝ պաղեստինցիների իրավունքը: Թուրքիան, ըստ Ֆիդանի, հանդես է եկել իսրայելա-պաղեստինյան կարգավորման երաշխավոր երկրների ինստիտուտ ստեղծելու նախաձեռնությամբ, որ պետք է հռչակեն Պաղեստինի անկախ պետություն: Նա ամփոփել է, որ աշխարհը հասել է մի կետի, երբ կամ բոլորը կներքաշվեն ավերիչ պատերազմի մեջ, կամ կանգ կառնեն եւ կհաստատեն կայունություն:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը վստահաբար հայտարարել էր, որ պատրաստ է երաշխավորելու անկախ Պաղեստինի անվտանգությունը: Մեկ օր անց, սակայն, նրա արտաքին գործերի նախարարը խոսում է իրսրայելա-պաղեստինյան կարգավորման երաշխավոր երկրների ինստիտուտ ձեւավորելու եւ միայն նրա երաշխիքներով Պաղեստինի անկախությունը հռչակելու նախաձեռնության մասին: Արեւմտյան մամուլը տեղեկություն ունի, որ Իսրայելի դեմ հարձակման առաջին օրը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիան գտնվել է Ստամբուլում եւ հեռացել, երբ նրան խնդրել է Թուրքիայի նախագահը:
Ֆիդանի հայտարարությանը նախորդել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի պատվիրակության այցը Մոսկվա: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այդ տեղեկատվությունը՝ առանց որեւէ մանրամասնության: Ըստ որոշ տեղեկությունների, մինչ Մոսկվա մեկնելը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւը Քաթարում բանակցություններ է վարել Մերձավոր Արեւելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Թուրքիան եւ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում ռազմա-քաղաքական շահեր հետապնդող երկրների շարքում Իրանից հետո երկրորդ-երրորդն են, որ բաց աջակցություն են հայտնում Պաղեստինի անկախ պետության հռչակմանը: ԱՄՆ-ը եւ Եվրամության երկրները չեն ժխտում, որ Պաղեստինը կարող է ունենալ անկախություն, բայց ստեղծված իրավիճակում Իսրայելի ռազմական գործողությունները համարում են ինքնապաշտպանության իրավունքից բխող անհրաժեշտություն:
Արեւմտյան մամուլի որոշ մեկնաբանությունների տպավորությամբ իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ ուժերի հարաբերակցությունը կախված է Հնդկաստանի՝ որպես Գլոբալ հարավի առաջատար երկրի, դիրքավորումից: Մեկնաբանները դիտել են տալիս, որ Հնդկաստանի վարչապետը Գազայի հատվածում հիվանդանոցի պայթյունից/հրթիռակոծումից հետո ցավակցություն է հայնտնել, բայց միայն՝ զոհերի եւ տուժածների հարազատներին: Այս կեցվածքը համարվում է Հնդկաստանի կողմից Իսրայելին աջակցություն:
Այս համատեքստում Թուրքիայի նախաձեռնությունը՝ ձեւավորելու իսրայելա-պաղեստինյան կարգավորման եւ Պաղեստինի անկախության հռչակման երաշխավոր երկների ինստիտուտ, հազիվ թե պայմանավորված է ԱՄՆ-ի եւ առհասարակ հավաքական Արեւմուտքի հետ Էրդողանի նախնական քննարկումներով: Արեւմտյան վերջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Իսրայել է այցելել, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է: Թուրքիան Ֆրանսիայի հետ լուրջ տարաձայնություններ ունի, դրանք երբեմն մոտենում են դիմակայության սահմանին: Թուրքիան Ֆրանսիային մեղադրում է Միջերկրականի արեւելքում իր դեմ Հունաստանի եւ Կիպրոսի ներգրավմամբ ռազմական դաշինք ձեւավորելու մեջ: Բարդ են Թուրքիայի եւ միասնական Եվրամիության հարաբերությունները:
Նկատի ունենալով իրավիճակի նրբությունը եւ Մերձավոր Արեւելքում ուժերի առկայության ընդհանուր պատկերը, հավանական է թվում, որ Պաղեստինի անկախության եւ երաշխավոր երկրների ինստիտուտ ձեւավորելու հարցում Թուրքիան կարող է ունենալ Ռուսաստանի աջակցությունը, բայց այդ դեպքում նրանք չեն կարող շրջանցել Իրանի ազդեցության գործոնը: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ֆորմալ համագործակցության որոշակի փորձ ունեն այսպես կոչված Աստանայի ձեւաչափում: Բայց դա ավելի շատ փոխադարձ անվստահությունը եւ սուր մրցակցությունը քողարկելու, քան գործնական համաձայնությունների փորձ է եւ հազիվ թե իսրայելա-պաղեստինյան կարգավորման դեպքում լինի պահանջված: Մանավանդ որ Իսրայելը գոնե հրապարակային մակարդակում մերժում է ցանկացած միջնորդություն եւ պնդում, որ պատերազմ է մղում ոչ թե պաղեստինցի ժողովրդի, այլ՝ ահաբեկչության դեմ եւ մտադրված է մինչեւ վերջ գնալ:
Լայնածավալ պատերազմի հավանականության մասին Հաքան Ֆիդանի հայտարարությունը, կարծես, հասցեագրված է Իսրայելին եւ նրան ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ին, հավաքական Արեւմուտքին: Հնչում է վերջնագրի պես՝ կամ Թուրքիան կմասնակցի իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը եւ կհանդիսանա ապագա անկախ Պաղեստինի անվտանգության երաշխավոր կամ երաշխավորներից մեկը, կամ պատերազմի հրդեհը կտարածվի ամբողջ Մերձավոր Արեւելքում:










































