Հայաստանի ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցին պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարում է, որ չի բացառում նոր ոճրագործություն: «Այս իրավիճակում ես չեմ բացառում։ Հոկտեմբերի 27-ի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին։ Շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա էլ ավելի հեռու է»: Մի կողմ թողնենք 27-ի ոճրագործությանը նախորդած իրադարձությունների եւ ներկայիս իրողությունների կարեւորության աստիճանի համեմատությունը, եւ ընդհանրապես որեւէ ահաբեկության, ոճրագործության «մոտիվները» զուտ «կարեւորության» աստիճանով դիտարկելու համարժեքությունը:
Տվյալ պարագայում գործ ունենք իրավիճակի հետ, երբ Հայաստանի խորհրդարանի, ասել կուզի՝ առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական միակ ինստիտուտի նախագահը հայտարարում է, որ չի բացառում նոր ոճրագործություն, եւ ներկայացնում է,թե ինչու՞ է կարծում այդպես: Անկախ, թե ինչպիսի հանրային գնահատական կինի այդ հայտարարության առնչությամբ, դրա իրավական գնահատումը պետք է լինի թերեւս միարժեք ու հստակ, ինչը նշանակում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հրավիրի Ազգային Ժողովի նախագահին եւ ստանա նրա հայտարարության առնչությամբ հանգամանալի բացատրություն, հասկանալու համար, թե ի՞նչ մանրամասների վրա է հիմնված այդ հայտարարությունը, այն պարզապես անձնական ինչ-ինչ դատողությունների՞, թե՞ որոշակի ինֆորմացիոն «բազայի» հետեւանք է:
Ի վերջո, խոսքը վերաբերում է պետական անվտանգությանը, ընդ որում ոչ միայն ոճրագործության սպառնալիքի կամ ռիսկի իմաստով, այլ նաեւ հասարակական ընկալումների, հատկապես հիբրիդային-տեղեկատվական պատերազմների ներկայիս միջավայրում եւ մթնոլորտում: Ըստ այդմ,Ազգային անվտանգության ծառայությունը թերեւս պետք է պետական կարեւորագույն ինստիտուտի բարձրաստիճան ներկայացուցչի քաղաքական հայտարարության հանդեպ դիրքավորվի ոչ միայն իբրեւ հարյուր հազարավոր ունկընդիրներից մեկը, այլ բացառիկ սուբյեկտ, որը պետք է այդ հայտարարությունը անցկացնի մասնագիտական պրիզմայով, ընդ որում, այդ աշխատանքի արդյունքում էլ թերեւս անելով եզրակացություն եւ այն ներկայացնելով հանրությանը՝ հենց ազգային անվտանգության նկատառումից ելնելով: Հոկտեմբերի 27-ը այն թեման է՝ թե ֆիզիկական, թե հոգեբանական իմաստով, որի հանդեպ պետական պատասխանատվությունը պետք է գտնվի թերեւս անթերի մակարդակի վրա, այդ թվում առանց այդ էլ տեղեկատվական տարատեսակ գրոհների ենթարկվող հանրության հետ հաղորդակցության հարցում:








































