Վրացական Իմեդի հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թբիլիսի այցի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետների հանդիպումը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդական մասնակցությամբ: Ըստ հեռուստաընկերության, հանդիպումը տեւել է մի քանի ժամ: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետը Թբիլիսի մեկնել էր «Մետաքի ճանապարհի» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու համար: Ադրբեջանը այդ համաժողովին ներկայացնում էր այդ երկրի վարչապետը: Թե ինչու՞ Ալիեւը չի մեկնել համաժողովին, դժվար է ասել, գուցե այն պատճառով, որ ընդամենն օրեր առաջ էր նա Վրաստանում եւ այցելել էր Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով: Հենց այդ ժամանակ էր նաեւ Ալիեւը բարձրաձայնել Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ քննարկումների պատրաստակամության մասին:
Երեւանն էլ թերեւս երբեք դեմ չի եղել վրացական հարթակը ռեգիոնալ քննարկումների համար օգտագործելուն: Վրաստանում տեղի ունեցած հանդիպումը դրա մեկնա՞րկ է: Եթե ոչ, ապա ի՞նչ է, եւ ինչի՞ համար է Հայաստանի վարչապետը համաձայնում «իջնել» Ադրբեջանի վարչապետի աստիճանի: Այդ ի՞նչ կարեւորության ու անհրաժեշտության է հանդիպումը, որ Հայաստանի վարչապետը գնում է այդպիսի «սուբորդինացիոն փոխզիջման», այն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերության հակամարտ ռեժիմի պայմաններում: Չէ՞ որ հայաստանի պետական եւ քաղաքական «հիերարխիայում» վարչապետի կարգավիճակը ունի մի դասակարգում, իսկ Ադրբեջանի «հիերարխիայում»՝ բոլորովին այլ: Եթե Հայաստանում վարչապետը պետության դե ֆակտո առաջին դեմքն է, ապա Ադրբեջանի պարագայում վարչապետը դե ֆակտո նույնիսկ երկրորդը չէ, քանի որ այնտեղ կա առաջին փոխնախագահ:
Այդպիսով, ի՞նչն է «դրդել» Հայաստանի դե ֆակտո առաջին դեմքին, պետության ղեկավարին Վրաստանում մի քանի ժամ հանդիպում ունենալ Ադրբեջանի ըստ էության երրորդ պաշտոնյայի հետ: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ պետությունների ղեկավարները անշուշտ հանդիպում են իրենցից ցածր աստիճանակարգով պաշտոնյաների հետ, բայց, երբ այդ պաշտոնյաները այցելում են տվյալ երկիր եւ արժանանում ղեկավարի ընդունելության: Սա անկասկած այդ դեպքը չէ, ու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես ասած քաղաքական քաշային կատեգորիայի տարբերությունը այնպիսին չէ, որ Ադրբեջանը նույնանա համաշխարհային ուժային դերակատարի հետ: Եվ ոււրեմն, ո՞րն է Ադրբեջանի վարչապետի հետ մի քանի ժամ տեւած հանդիպման բովանդակային կամ այլ բնույթի անհրաժեշտությունը կամ շարժառիթը:










































