Եվրոպայի խորհրդի՝ ինքնությունը բացահայտել չցանկացած աղբյուրի տեղեկացմամբ՝ Բրյուսելում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում: Համապատասխան առաջարկություն Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին արել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը և Ալիևը հրավերն ընդունել են՝ մասնակցելու Միշելի մասնակցության եռակողմ հանդիպմանը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության, հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 25-ին:
Պաշտոնական Բաքուն մերժել էր Գրանադայում հանդիպման հրավերը, որին պետք է մասնակցեին նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը: Հիմնավորումն այն էր, որ Ֆրանսիան «ոչ բալանսավորված դիրքորոշում ունի և բանակցություններին հրավիրված չէ Թուրքիայի նախագահը»: Մեկ շաբաթ անց Իլհամ Ալիևը պատրաստակամ մեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովին, որին Հայաստանը չմասնակցեց՝ նախապես այդ մասին իրազեկելով ընդունող երկրի՝ Ղըրղզստանի նախագահին:
ԱՊՀ բիշքեկյան գագաթնաժողովից երեք օր հետո Իլհամ Ալիևը հայտնվեց հայազերծված Ստեփանակերտում: Այսօր հատուկ հանձնարարություններով նրան ներկայացուցիչ Ամիրբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանը Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք և միայն մի մտահոգություն ունի՝ ինչպե՞ս է երաշխավորվելու գնացք նստած և Ադրբեջանից Նախիջևան մեկնող յուրաքանչյուր ուղևորի անվտանգություն: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը Գրանադայի հանդիպումից հրաժարվել է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջությունը և կոմունիկացիաների նկատմամբ ինքնիշխանությունը ճանաչող փաստաթուղթ չստորագրի:
Ըստ երևույթին, Ալիևը կմեկնի Բրյուսել, բայց «վերքի պես» բաց կպահի Հորադիզ-Նախիջևան երկաթուղային հաղորդակցության «անվտանգության ապահովման» հարցը: Բիշքեկում Պուտին-Ալիև բանակցություններում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու և նրանց մանդատի հարցը, բայց վերջնական համաձայնություն չի կայացել: Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը ռուս խաղաղապահների տարածաշրջանում ներկայությունը գնահատել էր «պահանջված»:
Բացառված չէ, որ «յուրաքանչյուր ուղևորի անվտանգության երաշխիքների» թեման բրյուսելյան բանակցություններից առաջ շրջանառության է դրվում ռուս-թուրքական համաձայնությամբ: Այն իմաստով, որ Բաքուն կվստահի, եթե յուրաքանչյուր ուղևորի անվտանգության երաշխիք տա ոչ թե Երևանը, այլ՝ Մոսկվան: Այլ կերպ ասած՝ Ալիևը խնդիր չի ունենա, եթե Հորադիզ-Նախիջևան երկաթուղու հսկողությունն իրականացնի,, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: Հավանաբար, դա այն գինն է, որի դիմաց Բաքուն կհամաձայնի, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում մնան մինչև 2025թ. տարեվերջ: Իսկ հետո՞: Բայց դա արդեն Մոսկվայի և Բաքվի խնդիրն է:
Հայաստանը միջազգային գործընկերների հետ պետք է հասնի իր տարածքային ամբողջականության և նրա յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ լիակատար ինքնիշխանության՝ Ադրբեջանի կողմից փաստաթղթային ճանաչմանը: Արցախի դե-ֆակտո իշխանություններն իրենց հերթին պետք է հանդես գան Բաքվի հետ երկխոսության նախաձեռնությամբ՝ Ալիևի առաջարկած «վերաինտեգրման ծրագրի» շուրջ ձևավորելով Ստեփանակերտի առաջարկությունները:









































