«Մանուկեան Սիմոն հիմնադրամը» հերթական անգամ կարևոր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) սովորող արցախցի ուսանողներին։
«Ընտանիքս, պապս՝ Ալեքս Մանուկյանը, մայրս՝ Լուիզ Սիմոնը, և ես ինքս միշտ խորապես հարգել և գիտակցել ենք Արցախի և նրա ժողովրդի կարևորությունը։ Այս ծանր պահին մենք անհապաղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի արցախցի բոլոր ուսանողների ուսմանն աջակցելու համար՝ թեթևացնելով նրանց բեռը, քանի որ հասկանում ենք, թե որքան մեծ ցնցում են նրանք ապրել: Սա կլինի մեր առաջին քայլը, բայց ոչ վերջինը։ Մենք վճռական ենք ՀԱՀ-ի սահմաններից դուրս ուղիներ գտնելու հարցում, որպեսզի օգնենք նրանց, ովքեր այդքան դաժանորեն և անարդարացիորեն տեղահանվել են հայրենիքից», – ասում է «Մանուկեան Սիմոն հիմնադրամի» նախագահ Քրիստին Սիմոնը:
ՀԱՀ-ի ուսանողների ներկայիս թվից արցախցի հիսուն ուսանող դիմել է բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի: «Մանուկեան Սիմոն հիմնադրամը» կօգնի լրացնել ֆինանսական բացը և ամբողջությամբ կծածկի նրանց ուսումնառության պարտավորությունները: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ցուցաբերվող օգնությունն ազատում է ուսանողներին և նրանց ընտանիքները ուսման վարձի ֆինանսական բեռից և թույլ է տալիս կենտրոնանալ այլ առաջնահերթությունների վրա:










































