Թաիլանդում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 82-ի: Ընդհանուր առմամբ, այս տարի Թաիլանդում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 1,2 մլն մարդ: Երկրում սկսված հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ են մնացել ավելի քան 35 նահանգներ երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Ներկա պահին ջրի մակարդակը ամբարտակների մոտ, որոնք կառուցվել են ջրհեղեղից պաշտպանելու համար, գերազանցում է առավելագույն ծանրաբեռնվածության 80%-ը: Ցանկացած պահի ջրի տակ կարող է հայտնվել ավելի քան 600 հազար բնակչությամբ տարածք: Աղետն առավել մեծ վնասներ է հասցրել հյուսիսային շրջաններին, այդ թվում՝ Չիանգմաե քաղաքին, որը համարվում է Թաիլանդի ամենախոշոր տուրիստական կենտրոններից մեկը: Ջրհեղեղը լուրջ վնասներ է հասցրել նաև երկու կարևոր տուրիստական կենտրոնների` Պհուքեթ կղզուն և Քրաբի նահանգին: Անցյալ գիշերը անձրևոտ է եղել նաև Պատայում:









































