Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությանը վարչական լծակ օգտագործած պաշտոնյայի համար չի լինելու «ներում-բեկում»: Փաշինյանը անդրադարձել է պատգամավորների հարցին, որը վերաբերել է համացանցում տարածվող տեսանյութերին և տեղեկություններին, թե ինչպես են իշխանության թեկնածուի քարոզարշավին ներգրավվում դպրոցների և մանկապարտեզների, այլ համայնքային կառույցների աշխատակիցներ: Իհարկե, որևէ այլ բան Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ այլ վարչապետ ասել չէր էլ կարող: Բոլորն էլ ասել են, հիմա Փաշինյանն է ասում, վաղը այլ վարչապետ կամ նախագահ կասի, որ վարչական ռեսուրս կիրառողը պատժվելու է:
Հարցն այն է, թե երբ, ինչպես, ինչ շրջանակում: Երեւանի քաղաքապետի իշխանական թեկնածուի քարոզարշավի ընթացքում վարչական բաղադրիչի կիրառումը պարզապես ակնառու է, այսպես ասած բաց, ուղիղ եթերում: Թեկնածուն քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների, վարչական շրջանների ղեկավարների հետ շրջում է, ուղիղ դիմում քաղաքացիներին և անհապաղ հանձնարարում կատարել այս կամ այն խնդրի հետ կապված նրանց ցանկությունները, լուծել այս կամ այն հարցը: Սա այլ բան չէ, քան պարզապես վարչական ռեսուրսի չարաշահում: Եթե սա թույլ է տրվում ուղիղ եթերում, ապա մտածել, թե վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակվում է դրանով՝ կլինի մոլորություն:
ՀՀԿ-ն էլ, թե համապետական, թե քաղաքային ընտրություններում ամեն կերպ հերքում էր, թե կիրառվում է վարչական ռեսուրս, թե որևէ մեկին հորդորում են մասնակցել իշխանության հավաքներին, քարոզարշավներին եւ այլն: Բայց, մենք բոլորս ապրում ենք Հայաստանում: Եվ Հայաստանում վարչական ռեսուրսի հանգամանքը ունի նաև մեկ այլ ասպեկտ՝ հոգեբանություն, այսպես ասած «դրված մտածողություն»: Հայաստանում նախկին իշխող համակարգը այնպես է այսպես ասած կատարելագործել վարչական ռեսուրսի «ինքնակազմակերպման» բաղադրիչը, որ այդ ռեսուրսը ցանկացած ընտրության ունի որոշակի «ավտոպիլոտի» ռեակցիա՝ գտնվել իշխանության շահերի տիրույթում, անկախ, թե ով է այդ իշխանությունը:
Եվ սա իսկապես լրջագույն խնդիր է, որը լուծելու, այդ մտածողությունը, այդ վարքագիծը, ենթագիտակցությունը, «պաշտոնեական բնազդը» փոխելու համար պետք է կառավարման եւ քաղաքական լրջագույն ռեֆորմացիա, ընդհուպ՝ դատա-իրավական ռեֆորմ: Բայց, դրա համար պետք է նաեւ դա անելու ունակ և կամք ունեցող քաղաքական իշխանություն: Ներկայիս իշխանությունը, որ ձեւավորվել է 2018-ից հետո, այդպիսին չէ, սա արդեն բավականին պարզ է: Այդ իշխանությունը գործում է շատ պարզ սկզբունքով՝ օգտագործել նախկին համակարգից «ժառանգած» այն ամենը, ինչն օգտագործելի է իշխանությունը պահելու համար, և օտարել նախկին համակարգից մնացած այն ամենը, ինչը իշխանություն պահելու տեսանկյունից ավելի օգտակար և էֆեկտիվ կլինի հենց օտարման, մերժման, չեզոքացման ենթարկվելիս: Այդ պարագայում, մի զգալի մասով «ավտոպիլոտ» մեխանիզմով որեւէ ընտրական պրոցեսի որեւէ իշխանության շահերի տիրույթ ներգրավվող վարչական ռեսուրսը միանգամայն օգտագործելի է իր այդ հատկանիշով, հետեւաբար չկա այն «օտարելու» կամ «մերժելու» մոտիվ:










































