Արցախի խոորհրդարանի խմբակցությունները, բացառությամբ «Միասնական Հայրենիքի», որի առաջնորդը պաշտպանության նախկին նախարար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է, նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Շահրամանյանին: Շահրամանյանը, ինչպես հայտնի է, արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրով նշանակվեց Պետնախարար, որից հետո Հարությունյանը հրաժարական ներկայացրեց հայտնի քննարկումների և իրադարձությունների արդյունքում: Շահրամանյանն այժմ ըստ ամենայնի հինգ րոպե է պակաս Արցախի նոր նախագահ դառնալուց: Նրա ընտրությունը տեղի կունենա Ազգային Ժողովում: Թե Արայիկ Հարությունյանի հրաժարականի ընթացքը, թե նախագահի նոր թեկնածուի առաջադրման գործընթացը ակնառու են դարձնում, որ խոսքն ըստ էության նշանակման, այլ ոչ թե ընտրության մասին է:
Շահրամանյանի կենսագրությանը, մասնավորապես նրա՝ ԱԱԾ «կադր» լինելու հետագծին անդրադարձել եմ: Հիշենք, որ նա 2018 թվականին նշանակվել էր Արցախի ԱԱԾ պետ, իսկ 2020 թվականին ազատվել այդ պաշտոնից և նշանակվել ռազմահայրենասիրության և երիտասարդության ու մշակույթի հարցերի նախարար, երբ նախագահ դարձավ Արայիկ Հարությունյանը: Այժմ նա կփոխարինի Արայիկ Հարությունյանին՝ նախագահի պաշտոնում: Սակայն, մեծ հավանականությամբ թերևս հնարավոր է ասել, որ Շահրամանյանը ավելի շուտ ներարցախյան «կոնսենսուսային» մի որոշում է, քան ինքնուրույն քաղաքական ֆիգուր: Կդառնա՞ այդպիսին, և ի՞նչ որակներով, սա հարցերից մեկն է, սակայն գլխավոր հարցն այն է, թե նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում ներքին նկատելի կոնսենսուսը ինչպիսի շարունակություն է ունենալու արդեն Շահրամանյանի նախագահությամբ հետագա զարգացումների առումով: Արդեն իսկ ակնառու է, որ հրաժարականի կոնսենսուսից դուրս է եկել Սամվել Բաբայանը և նրա առաջնորդած ուժը չի առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը: Այսօր քննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք Բաբայանը կփորձի այսպես ասած ժողովրդական բողոքի ձևով խանգարել Շահրամանյանի թեկնածությանը, թե՞ կփորձի նոր իրավիճակում զբաղեցնել այսպես ասած գլխավոր ընդդիմադիր ուժի դերը, առավել ինստիտուցիոնալ հեռանկարով:
Ի վերջո, որքան էլ Արցախում ներկայիս բարդ իրադրության պայմաններում կարևոր է կայունությունն ու համախմբվածությունը, այդուհանդերձ դա չպետք է ասոցացվի «քաղաքական դամբարանային» ռեժիմի հետ, պետք է լինի կարծիքների բախում, պետք է լինեն տարբեր մոտեցումներ, պետք է լինի ընդդիմություն, որը ցանկացած իշխանության արդյունավետության առաջնային գրավականներից մեկն է: Եվ այդ իմաստով, այսօր Արցախում թե հարց է այսպես ասած վերադասավորվող իշխանության որակական հեռանկարը, թե հարց է ընդդիմադիր դաշտում որակների հեռանկարը: Համախմբվածությունը պետք է լինի խաղի փոխհամաձայնեցված կանոնների, այլ ոչ թե կարծիքների միատարեցման տրամաբանությամբ: Առավել ևս, որ, ինչքան էլ առանձին առանձին վիճարկելի կարող է լինել ցանկացած կարծիք, կարող են խոցելի, քննադատելի, վիճարկելի լինել բոլոր կարծիքները, այդքան դրանք ունեն այսպես ասած մրցակից կարծիքի կարիք, հավաքական արդյունավետությունը բարձրացնելու համար: Արցախն այդ իմաստով ներկայումս բախտորոշ շրջափուլում է, որտեղ ծավալվող ներքին վերադասավորումները օգտակար կարող են լինել մի դեպքում՝ բովանդակային, որակական, մեթոդաբանական արդիականացմամբ օտժված լինելու: Ինչ խոսք, բավականին բարդ է պատկերացնել, որ այսօր կարող են դրան ունակ լինել ուժեր, որոնք մեծ հաշվով հենց իրենք են ավելի քան երկու տասնամյակ զանազան կարգավիճակներով տապալել Արցախի համար մշտապես կենսական և կարևոր նշանակություն ունեցած այդ հարցերը: Բայց, ի վերջո ներկայումս պետք է խաղալ նրանով, և նրանցով, ինչ կա, առավել ևս, որ չկա մեծ ժամանակ ու տարածություն:







































