Ներկայումս Հայաստանում գործող բանկերի 75 %-ը արտասահմանյան է (ոչ ռեզիդենտ): ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ հանրապետությունում գործող 21 առևտրային բանկերի կապիտալում առկա է ոչ ռեզիդենտի մասնակցություն, ընդ որում` միայն 6 բանկում է գերակշռում տեղական կապիտալը (ռեզիդենտների մասնակցությունը կապիտալում գերազանցում է 50 %-ը), իսկ 15 բանկերում` արտասահմանյան կապիտալը (ոչ ռեզիդենտների մասնակցությունը կապիտալում գերազանցում է 50 %-ը, իսկ 10 բանկերի կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցության չափը 100 % է):
ՀՀ առևտրային բանկերից 3-ը՝ Զարգացման հայկական բանկը, Հայէկոնոմբանկը, «Արարատ» բանկը, հանդիսանում են բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետոմսերը թույլատրված են կարգավորող շուկայում առևտրին և կարող են հրապարակային շրջանառվել: ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակված են Հայէկոնոմբանկի բաժնետոմսերը:
«Ընդհանուր առմամբ, չնայած մյուս 18 առևտրային բանկերը չեն հանդիսանում բաց բաժնետիրական ընկերություններ, և նրանց բաժնետոմսերը հրապարակային չեն շրջանառվում, սակայն վերջիններս հիմնականում բաց են ներդրումների նպատակով բանակցությունների համար»,- կարծում են ԿԲ-ում:









































