Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը, ինչպես նաև Արցախի մոլորված քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալությանը։
Զախարովան նշել է, որ նման իրավիճակներն է՛լ ավելի են բարդացնում հանգուցալուծումներ գտնելու գործընթացը։
«Այն, ինչ տեղի ունեցավ, իհարկե, դժվարացնում է առանց այն էլ բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումներ, փոխզիջումներ ու լուծումներ գտնելու գործընթացը: Իհարկե, սա ավելի է սրում իրավիճակը: Երկրորդ, մենք տեսանք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները: Երրորդ, անկախ կոնկրետ այս միջադեպից կամ նմանատիպ այլ միջադեպերից, մենք հիմնվում ենք հաշտեցման կարևորության վրա թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, թե՛ Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում», – ասել է Զախարովան։
Պաշտոնյան նաև շեշտել է Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտությունը։
«Մենք աշխատում ենք կողմերի հետ և ևս մեկ անգամ վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման և տեղի բնակչության կյանքի համար բնականոն պայմանների ապահովման անհրաժեշտությունը», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովայի համոզմամբ՝ այս հարցում շատ բան է կախված քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից։








































