Հայաստանի վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի պետական կառավարման գերատեսչությունների միջև շփումները պարբերրական են և անտեղի են խոսակցությունները, թե դրանք չկան: Նա նշել է, որ 2022 թվականի աշնանից ստեղծվել է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի և նախարարների մակարդակով, որի նպատակն է Արցախի իշխանության հետ շփումների միջոցով հասկանալ անհրաժեշտ անելիքներն ու աշխատել դրանք լուծելու ուղղությամբ: Արցախի խորհրդարանում ելույթի ընթացքում, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի իշխանության հետ կան պարբերական շփումներ, «իհարկե խնդիրներ կան, բայց ոչ այս ձևաչափով քննարկման համար», ասել էր Հարությունյանը:
Խնդիրներ թերևս չեն կարող չլինել, հաշվի առնելով այն նուրբ ու գերզգայուն վիճակը, որ առկա է թե Արցախի, թե Հայաստանի շուրջ, և առավել ևս այն բազմաթիվ խմբերն ու շերտերը, որոնք պատրաստ են «ձեռք տաքացնել» այդ զգայունության վրա: Եվ այստեղ, ինչպես չափազանց մեծ պատասխանատվություն է պահանջվում Հայաստանի իշխանությունից՝ Արցախի հետ հաղորդակցության պատշաճ, բավարար, իրավիճակին համարժեք մակարդակ ապահովելու համար, այդպես էլ մեծ պատասխանատվություն է պահանջում խնդրով անկեղծ մտահոգ հանրությունից: Այստեղ կա մի շատ վառ տեղեկատվական օրինակ:
2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին եղավ տեղեկություն, որ փամփուշտները վերջացել են դիրքերից մեկում, և զինվորները խրամատ մտած թշնամու հետ ձեռնամարտ են վարել փոքր բահերով, որ լինում է նրանց մոտ զաննազան մարտական խնդիրներ լուծելու համար: Եվ այդ տեղեկությունը տարածվեց ու տարածվեց այն «մեխով», որ չեն եղել փամփուշտներ: Այն դեպքում, երբ փամփուշտներ եղել են, բայց մարտական գործողոււթյունների բնույթից ելնելով երբեմն առաջացել են մատակարարումների բարդություններ, ինչի հետևանքով հարկ է եղել բռնվել ձեռնամարտի, այդ թվում օգտագործելով նաև բահերը: Ի դեպ, այդ բահերը նախատեսված են նաև հենց այդ՝ ձեռնամարտի նպատակով, ըստ անհրաժեշտության:
Այդպիսով, մի տեղեկությունը, խոսակցությունը, ծավալվեց և առ այսօր նույնիսկ երբեմն շարունակվում է բոլորովին այլ «մեխով», թողնելով իր ազդեցությունը հանրային օրգանիզմի նյարդային, հոգեբանական համակարգի վրա: Նույն կերպ, պետք է չափազանց զգույշ լինել Հայաստանի և Արցախի իշխանությունների շփումների մասին խոսակցություններում, որովհետև այստեղ հարցը ունենալով առերևույթ կողմեր, ունի թերևս ոչ պակաս, և գուցե նաև ավելի չերևացող մի շարք ասպեկտներ: Ըստ այդմ, խնդիրների բարձրաձայնումը թերևս պետք է հիմնված լինի «չվնասելու» հրամայականի վրա, միաժամանակ իհարկե ապահովելով հանրային շնչառություն իշխանության պատասխանատուների ծոծրակին: Ընդ որում, այդ տեսանկյունից կա թերևս անհրաժեշտություն նաև խորհել Երևան-Ստեփանակերտ հանրային կապի ինստիտուցիոնալ դրսևորումների մասին, որոնք համարժեք կլինեն արտակարգ և արտառոց այս իրավիճակին, մի կողմից լինելով հոգեբանական կայուն աջակցության աղբյուր, մյուս կողմից՝ Արցախի համար կարևոր խնդիրների գործնական լուծմանն ուղղված միջոց կամ հարթակ: Ասել, թե այդօրինակ շփումներ չկան, իհարկե այդպես չէ, սակայն այդ շփումները գործնականում ունեն հատվածական բնույթ և ձևավորվում են ավելի շատ քաղաքական նպատակահարմարությունների, քաղաքական հայացքների «հիմքով», ինչը այդ ամենի հնարավոր էֆեկտը դարձնում է նվազագույնը հարաբերական:









































