Վարչապետ Փաշինյանի ասուլիսին, ընդ որում ինչպես միշտ՝ հաջորդել է հանրային և քաղաքական տարբեր շրջանակների բուռն արձագանքը և կոշտ քննադատությունը, այդ թվում Արցախի պետական ու քաղաքական շրջանակներից: Բոլորը դատապարտում են Ադրբեջանի տարածքային ամբողջության և դրանում Լեռնային Ղարաբաղը դիտարկելու մասին Փաշինյանի հայտարարությունը: Եթե մի կողմ դնենք այն, թե ինչ տոնայնություն կամ ձևակերպումներ են դատապարտումներում, ընդհանուր առմամբ այդուհանդերձ դրանք, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, օգտակար են և կարող են լինել Հայաստանի ճկունությունը բարձրացնող տարր: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ արձագանքները իրենք թողնում են տարերային տրամաբանություն: Այսինքն, երբ կան հայտարարություններ Փաշինյանից, դրան հաջորդում են այսպես ասած հակառակ հայելային արձագանքներ հանրային ու քաղաքական ուժերից, որոնք մերժում են Փաշինյանի դիրքորոշումներն ու հիմնականում արտահայտում ուռա-հայրենասիրական բնույթի մերժում կամ հակադարձումներ:
Ընթացիկ, այսպես ասած «օնլայն» ռեժիմում դա էլ անգամ կարևոր է և անհրաժեշտ, սակայն երկարաժամկետ առումով նույնքան անհրաժեշտ է, որ՝ այդ հակադիր մոտեցումները տարերայնությունից անցնեն համակարգվածության և քաղաքական հայեցակարգվածության դաշտ, այդ կերպ փաստացի պարտադրելով նաև, որ իր վարած քաղաքականության որակները բարելավի նաև Նիկոլ Փաշինյանը, որը գործնականում այսօր կառավարող մեծամասնության շրջանակում քաղաքական բնույթի գործունեություն ծավալող գրեթե միակ անձն է: Ընդ որում, այդ հանգամանքը Փաշինյանն ինքն էլ կամա, թե ակամա վկայեց, իշխանության ցածր վարկանիշի վերաբերյալ հարցին ի պատասխան ասելով, որ ունեն նաև քաղաքագիտական հետևողական աշխատանքի կարիք: Դրա կարիքը Հայաստանում գործնականում այսօր ունեն բոլոր քաղաքական դերակատարները, որովհետև, Հայաստանում ինչպես քաղաքականությունն է տարիներ շարունակ եղել զուտ ցուցանակային բնույթի, այդպես էլ ցուցանակային է եղել քաղաքագիտական, փորձագիտական տիրույթը: Նաև դա է պատճառը, որ Հայաստանում քաղաքական միտքը ոչ թե զարգացել է, այլ արձանագրել անկում, որը չի կանգնել նաև 2018-ից հետո, երբ թվում է, որ բացվել էր նոր որակի գործողությունների և գործունեության հնարավորություն:
Այդ պայմաններում, որոնց շարունակության համար Նիկոլ Փաշինյանն էլ ունի իր պատասխանատվության մեծ, և հիմնական բաժինը, Փաշինյանը ստիպված է ապահովել Հայաստանի մանևրը հայ-ադրբեջանական հակամարտության, ղարաբաղյան հարցում՝ Արևմուտքի և Ռոււսաստանի դիմակայության սեղմվող ռեժիմում: «Գլխավոր խնդիրը ուժերի բալանսն» է, հայտարարեց Փաշինյանը ի պատասխան հարցի, թե ինչու՞ է Ադրբեջանը անցակետ դրել Լաչինի միջանցքում, և չի ենթարկվում միջազգային դերակատարների կոչերին: Փաշինյանի հայտարարությունը պարզորոշ այն մասին էր, որ միջազգային դերակատարների կոչերը չեն արտահայտում այդ նույն դերակատարների քաղաքական իրական մոտիվները, այն է՝ Հայաստանը նրանց համար ավելի կարևոր և նախընտրելի չէ, քան Ադրբեջանը, հետևաբար, եթե Ադրբեջանը չի ընդունում այդ կոչերը, միջազգային դերակատարները իրենց ուժը չեն ծախսելու Հայաստանի ուժային դեֆիցիտը «ծածկելու» համար: Այդ վիճակում, Երևանը ստիպված է մի կողմից առավելագույնն անել «առիթ չտալու» համար, մյուս կողմից նաև ցույց տալ, որ վերջնական համաձայնություններ տալու հարցում Հայաստանի հանդեպ որևէ ճնշման փորձ կարող է բերել ներքին վիճակի պայթյունի:







































